ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը հնագույն գիտության և մասնավորապես` աստղագիտության, օրրաններից է. հին ժամանակներից Հայաստանում զարգացած էին Արեգակի, Լուսնի, մոլորակների, աստղերի և երկնային երևույթների մասին գիտելիքները: Հին հայերը, ինչպես և այլ քաղաքակրթությունները, նայել և հետևել են երկնային իրադարձություններին, գրառումներ կատարել խավարումների և գիսավորների մասին, ժայռապատկերների տեսքով իրենց պատկերացումները թողել հաջորդ սերունդներին, կառուցել աստղադիտարաններ, ստեղծել օրացույց: Չնայած իր փոքր տարածքին և համեմատաբար փոքր բնակչությանը, Հայաստանն աստղագիտության ոլորտում բավականին մեծ ներդրում ունի համաշխարհային ժառանգության մեջ: Հայաստանում աստղագիտությունը հայտնի է վաղ ժամանակներից. առկա են մի քանի հազար տարի առաջ արված աստղագիտական դիտումների նշաններ: Հայաստանի տարածքում իրենց հետքը թողած աստղագիտական գործունեության նշանների թվին են դասվում. ժայռապատկերները (աստղագիտական բովանդակության բազմաթիվ քարագրություններ), հնագույն աստղադիտարանների ավերակները (հատկապես հայտնի են նրանցից երկուսը` Քարահունջն ու Մեծամորը, այդ թվում Քարահունջը Սթոունհենջի հայկական նմանակն է և նույնիսկ ավելի հին է համարվում), հայկական հնագույն օրացույցը, մ.թ.ա. II-I հազարամյակներից ի վեր հայերեն լեզվում օգտագործվող աստղագիտական եզրույթները և անվանումները, միջին դարերից մնացած աստղագիտական տվյալներ պարունակող Մատենադարանում և այլ վայրերում գտնվող ձեռագրերը և աստղալից երկնքի քարտեզները, ինչպես նաև ներկայումս տարածաշրջանի ամենամեծ ժամանակակից աստղադիտարաններից մեկը` Բյուրականի աստղադիտարանն (ԲԱ) իր 2.6մ և 1մ Շմիդտի դիտակներով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ

ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ


Համաստեղություններ: Կարծիք կա, որ առաջին անգամ երկնքի բաժանումը համաստեղությունների կատարվել է մի քանի հազար տարի առաջ Հայկական բարձրավանդակում: Ըստ ամերիկացի աստղագետ և գիտության պատմության մասնագետ Ուիլյամ Օլքոտի, Կենդանակերպի նշանները պարունակում են այնպիսի կենդանիներ, որոնք հազարավոր տարիներ առաջ ապրել են Հայաստանում և նրա շրջակա տարածքներում (հիշենք, որ հին Հայաստանում նաև առյուծներ կային): Տրամաբանական է ենթադրել, որ հին մարդիկ համաստեղությունները կոչել են հենց այն կենդանիների անուններով, որոնք ապրել են իրենց տարածաշրջանում, ոչ թե այլ երկրներում: Ավելին, շատ համաստեղություններ ունեցել են իրենց ուրույն հայկական անվանումները, որոնք տարբերվում էին հունականներից, սակայն նրանցից շատերը իմաստով համապատասխանում են իրար: Համաստեղությունների հին հայկական անվանումների մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու և այլոց մետ:

 

 

Ժայռապատկերներ: Արդի և պատմական Հայաստանի տարածքում առկա հայկական քարարվեստի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայերը հետաքրքրվում էին երկնային մարմիններով ու երևույթներով: Երկրագունդը, Արեգակը, Լուսինը, մոլորակները, գիսաստղերը, Ծիր Կաթինը, աստղերը, համաստեղությունները արտացոլված են Սևանա լճի շուրջ գտնվող լեռների, Արագածի և Հայաստանի այլ վայրերում ժայռերին պատկերված նկարներում: Այս նկարներն ու պատկերներն ուսումնասիրվում են մի շարք պատմաբանների, հնագետների և աստղագետների կողմից: Այնուամենայնիվ, բավարար պետական վերաբերմունք չի ցուցաբերվում լայնածավալ ուսումնասիրություններ կազմակերպելու կամ առնվազն փորձելու այս հնագույն գանձերը ցուցակագրելու և պահպանելու համար: Հայկական ժայռապատկերների մանրակրկիտ ուսումնասիրություններ է կատարել և կատարում պատմաբան-աստղագետ Կարեն Թոխատյանը: Քարարվեստի վերաբերյալ ամբողջական տվյալներ կարելի է գտնել հետևյալ համացանցային կայք-էջում` http://www.iatp.am/ara/library/index.html:

 

    

 

Հայկական օրացույցը: Հ.Ս. Բադալյանի (1970), Բ.Ե. Թումանյանի (1985) և Գ.Հ. Բրուտյանի (1997) կողմից արված հետազոտությունների համաձայն հայկական օրացույցն աշխարհում ամենահին օրացույցներից մեկն է և միգուցե նույնիսկ ամենահինն է: Հայերն օգտագործել են լուսնային, այնուհետև լուսնա-արեգակնային օրացույց, իսկ մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերից անցել են արեգակնային օրացույցի, որը պարունակում էր 365 օր (30-ական օրից բաղկացած 12 ամիս և 5 օրից բաղկացած 1 հավելյալ ամիս): Նոր տարին սկսում էր Նավասարդին (որը համապատասխանում էր օգոստոսի 11-ին), երբ սկսվում էր խաղողի բերքահավաքը, և Օրիոն (հայերի մոտ` Հայկ) համաստեղությունը տեսանելի էր դառնում գիշերային երկնքում: Ամսանունների հետ մեկտեղ (Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց), ցանկացած ամսվա բոլոր օրերը և օրվա ժամերը նույնպես ունեին հատուկ անուններ (Արեգ, Հրանտ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր և այլ օրերը և Այգ, Ծայգ, Զայրացյալ, Ճառագայթյալ, Շառավիղյալ, Երկրատես և այլ ժամերը): Հայ հնագույն օրացույցի` Հայոց Բուն թվականի սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492թ.: Այնուհետև մ.թ. 552թ. ներմուծվեց Հայոց Մեծ թվականը (օրացույցը) և վերահաշվարկվեց հուլյան օրացույցի հետ տարբերությունը: Կա նաև Հայոց Փոքր թվական (օրացույց), որը ներմուծվել է 1084թ.: Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է 1513 թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում: Ուշագրավ է, որ Վենետիկի Մխիթարյանները հայկական և համաշխարհային օրացույցների ամենավաղ հրատարակիչներն են (1775 թ.-ից): Հայոց տոմարը հարատևել է մինչև XX դ.: 1920-ին Հայաստանում ընդունվել է Գրիգորյան տոմարը, որը Հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է 1923-ին:

 

Հնագույն աստղադիտարաններ: Հայաստանում ամենագրավիչ աստղագիտական պատմական կառույցը Զորաց քարերն են կամ Քարահունջը, որին երբեմն անվանում են Հայկական Սթոունհենջ: Այն մեգալիթյան համալիր է Երևանից 200 կմ, իսկ Սիսիանից 3 կմ հեռավորության վրա, գտնվում է ծովի մակարդակից 1770 մ բարձրության վրա, ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներն են հյուս. լայնության 39¢34² և արևելյան երկայնության 46¢01²: Այն բազմաթիվ քարերի համալիր է` տեղադրված շրջանի և դրանից սկսվող մի քանի թևերի տեսքով: Կարծիք կար, որ Քարահունջը նմանատիպ շատ այլ կառույցների պես կրոնական համալիր է: Այնուահանդերձ, միայն 1980-ական թթ. կեսերին Քարահունջը մեկնաբանվեց որպես հնագույն աստղագիտական հուշարձան և ուսումնասիրվեց Էլմա Պարսամյանի (1999) և Պարիս Հերունու (1998) կողմից: Քարահունջի տարիքի գնահատականները բավական տարբեր են և ընկած են 7700-ից մինչև 4000 տարի միջակայքում: Քարահունջում հաշվվում են 250 մետր երկարությամբ ձգվող 222 քարեր, այդ թվում 84-ը 4-5 սմ տրամագիծ ունեցող անցքերով են: Այստեղ կարելի է գտնել 30 աղեղնային վայրկյան ճշտությամբ տասնյակ աստղագիտական քարե գործիքներ: 40 քարեր կազմում են 45´36 մ չափով կենտրոնական էլիպսը, որի կենտրոնում կա ավերակ քարե կույտ: Դեպի հյուսիս-արևելք ձգվում է 8 մ լայնությամբ 8 քարերի մի ճանապարհ: Քարերից մի քանիսն օգտագործվել են որոշակի աստղերի ուղղությունները գտնելու համար: Ըստ որոշ գնահատականների (որոշակի աստղերի դիտումների) աստղադիտարանն օգտագործվել է մ.թ.ա. 7700-2200 թթ. ընթացքում, մոտ 5500 տարի շարունակ: Համաձայն զանազան հեղինակների (Բոչկարյով և Բոչկարյով 2005), հուշարձանի ներկայիս և հարյուր տարի առաջ եղած վիճակի համեմատությունը ցույց է տալիս, որ այն զգալիորեն քայքայվել է: Այսպիսով, Քարահունջը հրատապ պաշտպանության կարիք ունի: Հուշարձանը եզակի է իր տեսակի մեջ համենայն դեպս Անդրկովկասի շրջանում և նույնիսկ կարող է լինել աշխարհում պահպանված աստղադիտարաններից ամենահինը: Եթե Քարահունջի գնահատված տարիքը հաստատվի հնագիտական մեթոդներով, ապա այն անպայմանորեն պետք է ներառվի մեր մոլորակի ամենակարևոր մշակութային հուշարձանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:

 

 

Մեծամորը Հայաստանի մյուս հնագույն աստղադիտարանն է: Այն գտնվել է Մեծամոր գետի մոտ հին քաղաքի սահմաններում, Երևանից 35 կմ հեռավորության վրա, ներկայիս Արմավիրի շրջանում: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակից սկսած այն բնակելի է եղել: 1960-ական թթ. կեսերին Էլմա Պարսամյանի կողմից այն առաջին անգամ մեկնաբանվել է որպես հնագույն աստղագիտական հուշարձան (1985ա): Ամրոցից դուրս աստղադիտարանն է: Աստղադիտարանի ամենահավանական տարիքը գնահատվում է մոտ 4600 տարի: Քարահունջի նման Մեծամորը նույնպես ավելի լավ ուսումնասիրության և հատուկ վերաբերմունքի կարիք ունի թե Հայաստանի կառավարության և թե աշխարհի հնագույն աստղագիտության հանրության կողմից: Հայաստանի հնագույն աստղագիտական վայրերի թվին են պատկանում նաև Անգեղակոթի դոլմենները (Պարսամյան, 1985բ): Ինչպես Քարահունջը, այս վայրը նույնպես Սիսիանի շրջանում է գտնվում, Սիսիան քաղաքից 13 կմ հեռավորության վրա: Դոլմենները նեոլիթյան (նոր քարեդարյան) և բրոնզե դարաշրջաններից են: Հայաստանում կան ևս մի քանի այլ վայրեր, որոնք առնչվում են մեր հնաբնակների աստղագիտական գործունեության հետ:

 

Աստղագիտական իրադարձությունների արձանագրություններ: Հայ պատմագրության մեջ հայտնի են հին հայերի կողմից կատարված աստղագիտական իրադարձությունների մի շարք արձանագրություններ` աստղագիտական բնույթի հիշատակություններ, ձեռագրեր, դրամներ, պատկերներ և այլն: Օրինակ, հայոց թագավոր Տիգրան II Մեծի (մ.թ.ա. 95-55թթ.) մետաղադրամների (արծաթե և պղնձաբրոնզե տետրադրախմներ և դրախմներ) վրա պարզորեն պատկերված է գիսաստղ` պոչը թագավորական խույրի վրա, ինչը կարող է առնչվել մ.թ.ա. 87թ. Հալլեյի գիսավորի անցման հետ: Նման դեպքերում աստղագիտական իրադարձությունները կարող են օգտակար լինել պատմական ժամանակագրության հարցերի պարզաբանման համար: Բացի այդ, սա կարող է լինել Հալլեյի գիսավորի շատ ավելի վաղ գրանցում, քան նախկինում հայտնի էր ժամանակագրություններից, ինչպես նաև Հալլեյի գիսավորի ամենավաղ պատկերներից մեկը:

 

 

Երկնային մարմինների անվանումները: Ինչպես և Հունաստանում և հին աշխարհի այլ երկրներում, հնագույն Հայաստանում էլ անզեն աչքով երևացող մոլորակներն ունեցել են իրենց անվանումները: Ներկայումս լայնորեն կիրառվում են մոլորակների հենց հունա-հռոմեական դիցաբանական անունները` Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն (հունարեն` Հերմես, Ափրոդիտե, Արես, Զևս և Քրոնոս, իսկ Ուրանը և Նեպտունն անզեն աչքով չեն երևում և հայտնաբերվել են ավելի ուշ, 18-րդ և 19-րդ դարերում): Սակայն հին Հունաստանում կիրառվել են այլ անվանումներ` Ստիլբոն, Ֆոսֆորոս, Պիրոիս, Փաետոն և Փաինոն: Հետաքրքրական է, որ հայերը հնում օգտագործել են համապատասխան իմաստով անվանումներ` Փայլածու, Արուսյան կամ Լուսաբեր, Հրատ, Լուսնթագ և Երևակ, որոնք ի դեպ ներկայումս էլ դեռ կիրառվում են: Համաստեղությունների հին հայկական անվանումներից ներկայումս պահպանվել են Հայկը (Օրիոն) և Վահագնը (Հերկուլես): Ըստ Հայկ Հարությունյանի (2003) Ծիր Կաթնի հայկական անվանումը (Հարդագողի ճանապարհ) գոյություն է մ.թ.ա. 6-րդ դարում և այնուհետև, արաբների կողմից Հայաստանի նվաճումից հետո, արաբների կողմից տարածվել է ամբողջ աշխարհում:

 

 

ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ

 

Միջին դարերի ամենաականավոր գիտնականներից մեկը Անանիա Շիրակացին էր (612-685թթ.), ով այդ ժամանակների համար ուներ բավականին առաջադեմ աստղագիտական գաղափարներ: Նա հայ ժողովրդի պատմության մեջ ամենակարևոր գիտնականն է, քանի որ նա փիլիսոփա էր, մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ, տոմարագետ և այլն: Նա թողել է մի շարք գրքեր և գրություններ, որոնք պահպանվել են մինչ օրս: Դրանցից շատերը պահվում են մեր հին ձեռագրերի թանգարանում` Մատենադարանում: Անանիա Շիրակացին գիտեր Երկրագնդի գնդաձև տեսքի մասին, նա ընդունել է, որ Ծիր Կաթինը բաղկացած է բազմաթիվ թույլ աստղերից, կարողանում էր ճշտորեն մեկնաբանել Լուսնի և Արեգակի խավարումները և այդ ժամանակաշրջանի համար ուներ մի շարք այլ առաջադեմ աստղագիտական հայացքներ: Անանիան կազմել է ժամանակագրական աղյուսակներ, աստղագիտական դասագրքեր և այլն: Արժե նշել, որ այդ դարաշրջանում եվրոպական աստղագիտությունն անկում էր ապրել և աստղագիտական գիտելիքների պահպանման համար մեծ ջանքեր էին անհրաժեշտ: Անանիա Շիրակացու աշխատանքները հիմնական աղբյուր են հանդիսանում հին հայկական աստղագիտական եզրաբանությունը վերականգնելու գործում, այդ թվում համաստեղությունների և աստղերի անվանումները:

 

 

Ըստ ռուս աստղագետ Յուրի Պսկովսկու, 1054 Գերնոր աստղը առաջին անգամ տեսել և արձանագրել են Հայաստանում 1054թ. մայիսին (և միայն ավելի ուշ` հուլիսին Չինաստանում): Հետաքրքրական է, որ դրա մնացորդը` հայտնի Խեցգետնաձև միգամածությունը, մանրամասն ուսումնասիրվել է Բյուրականի աստղադիտարանում և եղել է աստղադիտարանի ուսումնասիրության ամենահայտնի օբյեկտներից մեկը: Այս միգամածությունը բնական լաբորատորիա է հանդիսացել մի շարք աստղաֆիզիկական ուսումնասիրությունների համար էլեկտրամագնիսական սպեկտրի ամենատարբեր տիրույթներում:

 

 

Ղուկաս Վանանդեցին (XVII-XVIII դարեր) և Մխիթար Սեբաստացին (1676-1749) ապրել և աշխատել են Եվրոպայում 17-18-րդ դարերում և հայտնի են երկնքի իրենց մանրամասն քարտեզներով: Ղուկաս Վանանդեցին պատրաստել է աստղագիտական գործիքներ, 18-րդ դարի սկզբում Ամստերդամում հրատարակել է հայկական անուններով համաստեղությունների առաջին երկնային քարտեզը: Մխիթար Սեբաստացին նույնպես աստղալից երկնքի քարտեզ է պատրաստել: Նա հիմնադրել է հայկական կաթոլիկ եկեղեցու խորհուրդը Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազարոս կղզում, որը հայտնի է հին ձեռագրերի իր թանգարանով և այսօր բազմաթիվ այցելուների համար տուրիստական վայր է հանդիսանում:

 

    

 

Մխիթար Սեբաստացու «Աստղալից երկինքը»

 

Դարերի ընթացքում անկախության բացակայության պատճառով Հայաստանը միջին դարերում չի ունեցել բավականաչափ բարձրակարգ գիտություն, սակայն հետաքրքրությունը բնության և հիացմունքը երկնային մարմինների հանդեպ հայերի մեջ ապրել է վաղ ժամանակներից ի վեր, ինչն արդի հայ աստղագիտության զարգացման համար հիմք հանդիսացավ:

 

 

ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

 

Հայաստանում աստղագիտությունը վերածնվեց 1930-ական թթ., երբ Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը և ուրիշներ փոքր աստղադիտակներով սկսեցին դիտումներ կատարել և թեև ոչ մեծ նշանակության, բայց արդեն գիտական արդյունքներ ստանալ: Երևանում սկսեց գործել Երևանի աստղադիտարանը, որը մինչ օրս էլ գոյություն ունի որպես ԵՊՀ աստղադիտարան և ներկայումս կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը: Սակայն իսկական վերելք տեղի ունեցավ հենց Վիկտոր Համբարձումյանի (1908-1996) Հայաստան գալուց և 1946թ. Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումից հետո: Հենց առաջին տարիներին Համբարձումյանի և նրա աշխատակիցների կողմից տեղի ունեցան կարևոր հայտնագործություններ` աստղասփյուռները, դրանց ընդարձակման ապացույցը, գալակտիկաների ակտիվությունը և այլն: Այնուհետև գումարվեցին գերխիտ նյութի վարկածը, բռնկվող և այլ անկայուն աստղերի ուսումնասիրությունները, մի շարք Գերնորերի հայտնաբերումը, Բյուրականի առաջին (Մարգարյանի) և երկրորդ շրջահայությունները, Առաքելյանի և Ղազարյանի գալակտիկաները, Շահբազյանի գալակտիկաների կոմպակտ խմբերը, Պարսամյանի գիսավորաձև միգամածությունները, ճառագայթման տեղափոխման տեսության կարևոր աշխատանքները, Մարգարյանի գալակտիկաների ուսումնասիրությունները և այլն: Բյուրականի աստղադիտարանը հիրավի դարձավ աշխարհի կարևորագույն աստղադիտարաններից մեկը և մեր տարածաշրջանում ներկայումս էլ հանդիսանում է գլխավոր աստղագիտական կենտրոնը: Աստղագիտական ժառանգության կարևորագույն մաս է կազմում Մարգարյանի շրջահայութունը, որի լուսաթիթեղները թվայնացվել են և մտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրի մեջ: Աստղադիտարանի կարևորագույն գործիքներն են 2.6մ դասական և 1մ Շմիդտի համակարգի աստղադիտակները:

 

    

 

2001թ. ստեղծվել է Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), որի գլխավոր նպատակներից մեկն է Հայաստանում աստղագիտական գիտելիքների տարածումը և Հայաստանի աստղագիտական ժառանգության համակարգումն ու մասսայականացումը: 2005-ին ստեղծվել է նաև Հայկական վիրտուալ աստղադիտարան (ՀՎԱ), որը ներառում է Բյուրականում ստացված դիտողական նյութը և մտնում է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի մեջ: Հայաստանում աստղագիտությունն ակտիվ է նաև ԵՊՀ-ում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, գործում են Իսահակ Նյուտոնի անվան միջազգային ինստիտուտի և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի հայկական մասնաճյուղերը: Հայաստանն անդամակցում է միջազգային աստղագիտական բոլոր կարևոր կառույցներին, իսկ հայ աստղագետներից շատերը հանդիսանում են Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրոպական (ԵԱԸ) և Եվրասիական (ԵԱԱԸ) աստղագիտական ընկերությունների անդամ: Աստղագիտական միջազգային օլիմպիադաների հենց առաջին տարիներից հայ պատանիները փայլուն հաջողությունների են հասնում` բարձր պահելով հայ աստղագիտության վարկանիշը:  Վերջին տարիներին ԲԱ աստղագետների նախաձեռնությամբ պատմա-աստղագիտական հարցերի շուրջ համագործակցություն է սկսվել ՀՀ ԳԱԱ Պատմության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների, ինչպես նաև Մատենադարանի հետ: Հիմնական առիթը հանդիսացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009թ. հռչակված Աստղագիտության միջազգային տարվա «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» նախագիծը և 2012թ. միջնադարի մեր մեծ գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանը: Ներկայումս աշխարհում այս հարցերին մեծ նշանակություն է տրվում, գործում են մի շարք կառույցներ, որոնք նպաստում են աստղագիտական ժառանգության հավաքագրմանը, պահպանմանը և ուսումնասիրությանը: Դրանք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» ծրագիրը, ՄԱՄ-ի թիվ 41 «Աստղագիտության պատմություն» հանձնաժողովի «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» աշխատանքային խումբը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ICOMOS), Աստղագիտությունը մշակույթում եվրոպական ընկերությունը (SEAC), գիշերային երկնքի և աստղագիտական վայրերի պահպանման «Աստղալույս» (“Starlight”) նախաձեռնությունը:

 

 

Գրականություն

 

Բադալյան Հ.Ս., Հայոց տոմարի պատմություն, Երևան 1976
Բադալյան Հ.Ս., Օրացույցի պատմություն, Հայկ. ԽՍՀ ԳԱ հրատ. Երևան 1970
Բրուտեան Գ.Հ., Օրացույց հայոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Էջմիածին, 560 էջ, 1997
Թումանյան Բ.Ե., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Երևան 1964, հ. 2, Երևան 1968
Թումանյան Բ.Ե., Տոմարի պատմություն, ԳԱ հրատ., Երևան 1972
Թումանյան Բ.Ե., Հայ աստղագիտության պատմությունից, ԵՊՀ հրատ., Երևան, 286 էջ, 1985
Թումանյան Բ.Ե., Անանիա Շիրակացի, Երևան, 1991
Թումանյան Բ.Ե., Օրվա մասերի բաժանումը հին և միջնադարյան Հայաստանում, ԵՊՀ հրատ., Երևան, 37 էջ, 1990
Միքայելյան Ա.Մ., Բյուրականի աստղադիտարան, Երևան, Էդիտ Փրինթ, 64 էջ, 2011
Սարդարյան Ս., Ժայռապատկերներ, Երևան, ԵՊՀ հրատ., 2011
Космография, пер. с древнеарм., предис. и комент. К.С. Тер-Давтяна и С.С. Аревшатяна, Ереван, 1962
Bochkarev N.G., Bochkarev Yu.N., Armenian Archaeoastronomical Monuments Carahunge (Zorakarer) and Metsamor: Review and Personal Impressions,
            Proc. SEAC 10th Annual Conference: Cosmic Catastrophes, held in Tartu, Estonia, 2002, eds. Mare Koiva, Izold Pustylnik & Liisa Vesik, Tartu, p. 27-54, 2005
Gurzadyan V.G., Vardanyan R., Halley's comet of 87 B.C. on the coins of Armenian king Tigranes? Astronomy & Geophysics, Vol. 45, No. 4, p. 4.06, 2004
Harutyunian H.A., The Armenian name of the Milky Way, ArASNews #6, 2003
Herouni P.M., Carahunge-Carenish, a Prehistoric Stone Observatory, Proc. National Academy of Sciences of Armenia, Vol. 98, 4, p. 307-328, 1998
Parsamian E.S., On Astronomical Meaning of the Small Hill of Metsamor, Commun. BAO, Vol. 57, p. 92-100, 1985
Parsamian E.S., On Possible Astronomical Significance of Megalithic Rings of Angelacot. Commun. BAO, Vol. 57, p. 101-103, 1985
Parsamian E.S., On Ancient Astronomy in Armenia, Proc. International Conf. Oxford VI and SEAC 1999, ed. J.A. Belmonte, La Laguna, p. 77-81, 1999