Զատիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ (1930-2020)

 

Արևմտահայ նշանավոր աստղաֆիզիկոս Զատիկ Մուրադյանը (Zadig Mouradian) Ֆրանսիայի անվանի գիտնականներից էր և լայնորեն հայտնի էր աշխարհի տեսաբան-աստղագետների և Արեգակի ֆիզիկայով զբաղվող մասնագետների շրջանում:

Զատիկ Համբարձումի Մուրադյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 10-ին Բուխարեստում (Ռումինիա): 1954-ին ավարտել է Բուխարեստի համալսարանի ֆիզ.-մաթ. ֆակուլտետը: 1957-80 թթ. եղել է Բուխարեստի աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող: 1958-ի հոկտեմբերին Բուխարեստից մեկնել է Ֆրանսիա: 1959-ից` Փարիզի աստղադիտարանի Մեդոնի մասնաճյուղի արեգակնային ֆիզիկայի բաժնի գիտաշխատող էր: 1965-ին Փարիզի Սորբոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ և արժանացել ֆիզիկական գիտությունների դոկտորի աստիճանի:

Մուրադյանի աշխատանքները վերաբերում են Արեգակի ֆիզիկային, մասնավորապես` գունոլորտից արևապսակ նյութի արտահոսքի (արեգակնային քամի), տաքանալիս հրվիժակների անհետացմանը, մագնիսական հոսքեր առաջացնող պինդ մարմնի պտույտ ունեցող տիրույթներին: Նրա բացահայտած «Մուրադյանի էֆեկտը» թույլ է տալիս շառավղային արագությունների միջոցով բացահայտել Արեգակի վերին շերտում ընթացող երևույթները:

Մուրադյանի կարևորագույն գիտական արդյունքներից հարկ է նշել Արեգակի ակտիվ տիրույթի մագնիսական դաշտի էվոլյուցիայի առաջին դիտումը արեգակնային բռնկումից առաջ, բռնկման ընթացքում և բռնկումից հետո, Արեգակի գունոլորտից դեպի արևապսակ սպիկուլների միջոցով նյութի տեղափոխման` արեգակնային քամու հիմնական պատճառի, հայտնաբերումը, Արեգակի ծայրահեղ եզրի (լիմբի) մթնեցման չափումը, օպտիկապես խիտ սպեկտրալ գծերի «Մուրադյանի էֆեկտը» (Արեգակի մթնոլորտի արագությունների դաշտը ստեղծում է Դոպլերի շեղում, որը նվազեցնում է օպտիկական խտությունը գծերի կենտրոնում), տաքացման հետևանքով Արեգակնային հրվիժակների ջերմային անհետացման հայտաբերումը, Պիկ դյու Միդի աստղադիտարանի (Պիրենեյան լեռներ, Ֆրանսիա) համար մինչ օրս աշխատող 8մ արեգակնային սպեկտրոգրաֆի նախագծումը և կառուցման ղեկավարումը, «Արեգակնային ակտիվության սինոպտիկ քարտեզների» թվային գրանցման, վերլուծության, գծագրման և հրատարակման համակարգչային ծրագրի սկզբունքի մշակումը և ղեկավարումը (աշխարհում գոյություն ունեցող համակարգչային կառավարմամբ միակ սինոպտիկ քարտեզները), արեգակնային ակտիվության պտտման արագության չափի նոր մեթոդի առաջարկումը, որը բացահայտում է արեգակնային ակտիվության նոր պարամետրեր:

Ընդհանուր առմամբ, Մուրադյանը մոտ 160 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է: Հետաքրքիր է նշել, որ նա ներկա է եղել Արեգակի 7 լրիվ խավարումների, որոնց ընթացքում կատարել է ուսումնասիրություններ: Արեգակնային ֆիզիկայի բնագավառում ակտիվ միջազգային համագործակցություններ է հաստատել Հայաստանի, Բուլղարիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի գիտնականների հետ: Բուխարեստի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում դասախոսություններ է կարդացել արեգակնային ֆիզիկայի վերաբերյալ: Մի շարք դոկտորական թեզերի ղեկավար է:

Մուրադյանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, 1970), Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ), Ֆրանսիայի աստղագիտության և աստղաֆիզիկայի ընկերության (SF2A), Ռումինիայի գիտությունների ակադեմիայի անդամ էր: 2008թ.-ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, իսկ 2009-ին՝ Հայկական աստղագիտական ընկերության անդամ:

Զատիկ Մուրադյանը վախճանվել է 2020թ․ հունվարի 22-ին Փարիզում։