Ալենուշ Տերյան (1920-2011)

 

Ալենուշ Տերյանն Իրանում աստղաֆիզիկայի առաջին պրոֆեսորն էր:

Ծնվել է Թեհրանում 1920 թվականի նոյեմբերի 9-ին: Նրա հայրը թարգմանիչ էր և պարսկերենից հայերեն է թարգմանել Իրանի հայտնի բանաստեղծ Ֆիրդուսիի «Շահնամեն», իսկ մայրը կրթությունը ստացել է Շվեյցարիայում գրականության բնագավառում:

Ալենուշ Տերյանը տարրական կրթությունը ստացել է հայկական դպրոցում, իսկ ավագ դպրոցն ավարտել է Սպահանում: 1947թ. ավարտում է Թեհրանի համալսարանը, որտեղ էլ աշխատանքի է ընդունվում որպես լաբորատորիայի պատասխանատու:

Այնուհետև նա կրթաթոշակի է դիմում, սակայն նրա հայտը մերժում են, քանի որ նա կին էր: Այսպիսով ընտանեկան միջոցներով նա Ֆրանսիա է մեկնում և շարունակում կրթությունը Սորբոնի համալսարանում: 1956թ. ստանում է գիտությունների թեկնածուի աստիճան: Տերյանին առաջարկում են որպեսզի դասավանդի Սորբոնում, սակայն նա նախընտրում է վերադառնալ Իրան և ծառայել իր ժողովրդին:

Թեհրանի համալսարանում նշանակվում է թերմոդինամիկայի դոցենտ: 1964 թ. դառնում է պրոֆեսոր:

1966 թ.-ին, նա դարձավ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ֆակուլտետի անդամ և նշանակալից դեր խաղաց Իրանում առաջին արեգակնային աստղադիտարանի հիմնադրման գործում: 1969 թ.-ին Տերյանը ղեկավարում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ֆակուլտետի արեգակնային ֆիզիկայի գիտահետազոտական խումբը:

Նա առաջինն էր, ով Իրանում դասավանդեց աստղաֆիզիկա: Տերյանը վարժ տիրապետում էր ֆրանսերեն, պարսկերեն և հայերեն լեզուներին, ինչպես նաև գիտեր թուրքերեն և անգլերեն:

30 տարի դասավանդելուց հետո Ալենուշ Տերյանը թոշակի է անցնում իր իսկ ցանկությամբ: Նա չի ամուսնանում և իր տունը կտակում է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, ովքեր չունեին բարվոք կացարան:

Իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում և վախճանվել է 2011թ. մարտի 4-ին: