Բենիկ Թումանյան (1917-1980)
|
Աստղաֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Ծնվել է 1917թ. մայիսի 1-ին Լոռու Դսեղ գյուղում: Միջնակարգ կրթությпւնն ստացել է Թիֆլիսում: 1935թ. ընդունվել է ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ: 1940թ. ավարտել է մաթեմատիկայի բաժինը և աշխատանքի անցել նույն ֆակուլտետի մաթեմատիկական անալիզի ամբիոնում որպես ասիստենտ: 1940թ. ընդունվել է ասպիրանտուրա: 1941թ. Բ. Թումանյանը զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Զորացրվելով 1946-ին վերադարձել է համալսարան և շարունակել ուսումն ասպիրանտուրայում:
1950թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում որպես դոցենտ: 1958թ. ԵՊՀ-ում կազմակերպվել է արհեստական արբանյակների դիտման կայան` Բ. Թումանյանի ղեկավարությամբ:
Հեղինակ է հարյուրից ավելի գիտական աշխատությունների, որոնց զգալի մասը վերաբերում է հայ աստղագիտության պատմության հարցերին: Նրա բարձրարժեք աշխատությունը «Հայ աստղագիտության պատմություն» երկհատորյակն է, որը 1970թ. արժանացել է բնագիտության և. տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմի:
1970թ. նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1972թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974-ից մինչև կյանքի վերջը ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էր:
Բ. Թումանյանի գրչին են պատկանում «Տոմարի պատմություն» (Եր., 1972), «Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը Հայաստանում» (Եր., 1973), «Լուսին» (Եր., 1979) մենագրությունները: Հեղինակ է բագմաթիվ գիտահանրամատչելի գրքերի և հոդվածների, համահեղինակ «Ընդհանուր աստղագիտություն» (Եր., 1960), «Աստղագիտություն» (Եր., 1978) ուսումնական ձեռնարկների:
1975թ. Լեհաստանի կառավարության կողմից արժանացել է «Նիկոլայ Կոպեռնիկոս» հուշամեդալի: 1979թ. Բ.Թումանյանին շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով:
Վախճանվել է 1980թ. փետրվարի 10-ին Երևանում: