Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի դասընթացները կանցկացվեն սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Երիտասարդ աստղագետների միջազգային ամառային դպրոցն իր դասընթացներն այս տարի կանցկացնի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը: Իսկ թե այս տարվա դասընթացներն ինչո՞վ կառանձնան նախորդներից, «Արմենպրես»-ը պարզել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, դպրոցի կազմակերպիչ Արեգ Միքայելյանից:

 

- Պարոն Միքայելյան, ովքե՞ր կմասնակցեն Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի դասընթացներին:

 

-Դպրոցն իրենից ենթադրում է երիտասարդ աստղագետների հավաք աշխարհի տարբեր երկրներից, որին կմասնակցեն մագիստրոսներ, ասպիրանտներ: Դպրոցում դասախոսություններով հանդես կգան աշխարհահռչակ գիտնականներ, կանցկացվեն պրակտիկ աշխատանքներ, կլինեն դիտումներ: Ամառային դպրոցն անց է կացվելու արդեն 32-րդ անգամ: Այն համընկել է մեզ մոտ անցկացվող դասընթացների հետ:

 

- Դպրոցի դասերի մասնակցության քանի՞ հայտ եք ստացել:

 

-Այս տարի ստացվել են ռեկորդային թվով հայտեր: Ընդհանրապես, ՄԱՄ-ի ամառային դպրոցին մասնակցելու համար հայտերի ամենամեծ քանակը եղել է 70-ը: Այս տարի մենք ստացել ենք 117 հայտ` 36 երկրներից. երկրների ցուցանիշը նույնպես ռեկորդային է: 117-ից ընտրել ենք 32 ուսանող` 19 երկրներից, ինչպես նաեւ 11-ը` Հայաստանից:

 

-Ովքե՞ր կանցկացնեն դասընթացները:

 

- Դասընթացները կվարեն 13 դասախոսներ արտասահմանից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Բելգիայից, ՌԴ-ից, իսկ երեքն էլ` Հայաստանից: Ներկա կլինի նաեւ ՄԱՄ-ի նախագահը:

 

-Ո՞վ է հոգալու մասնակիցների ճանապարհածախսը:

 

-Ուսանողների եւ դասախոսների ճանապարհածախսը հոգալու է Միջազգային աստղագիտական միությունը, իսկ տեղական ծախսերը` Գիտության պետական կոմիտեն, Բյուրականի աստղադիտարանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը:

 

-Ի՞նչ նորամուծություններ են սպասվում այս տարվա դասընթացների ընթացքում:

 

-Ամառային դպրոցի ընթացքում կանցկացվեն ցերեկային դիտումներ. ուսանողները on-line ռեժիմով հեռահար դիտումներ կկատարեն Հավայան կղզիներում գտնվող դիտակներով, որտեղ այդ ժամանակ կլինի գիշեր: Որպեսզի գիշերն ուսանողներին շատ չծանրաբեռնենք, այդ դիտումները կկազմակերպվեն ցերեկը: Նրանք անձամբ կղեկավարեն Հավայան կղզիների դիտակը եւ, ըստ իրենց ծրագրի, դիտումներ կկատարեն, որոնք նրանք հետո կմշակեն եւ արդյունքները կներկայացնեն մասնագետներին: Դպրոցի ավարտին ուսանողները հանդես կգան կարճ զեկույցներով, կներկայացնեն այդ օրերին իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունքները: Նրանք ներկա կլինեն նաեւ սեպտեմբերին 18-ին` Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:

 

 

Հարցազրույցը`    Արուսիկ Զախարյանի