Բյուրականում
ամփոփվեց
Երիտասարդ
աստղագետների
միջազգային
դպրոցը
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանում այսօր կայացավ Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի փակման արարողությունը: «Այս նախաձեռնությունը նախկին ԽՍՀՄ երկրներում առաջին անգամն է անցկացվում: Հայաստանն այս միջացառման կազմակերպմամբ եւս մեկ անգամ հաստատեց իր հավակնությունները տարածաշրջանում աստղագիտական կենտրոն հանդիսանալու հարցում»,- ասաց Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը` նշելով, որ նման միջոցառումները Հայաստանում արդեն պարբերական բնույթ են կրում, եւ սա Բյուրականում կազմակերպված երրորդ միջազգային դպրոցն է:
«Այն համաշխարհային աստղագիտության ամենամեծ ծրագրերից մեկն է, որը բավական հաջողված է»,- ասաց Միջազգային աստղագիտական միության Երիտասարդ աստղագետների դպրոցի ծրագրի ղեկավար Ժան-Պիեր Դե Գրեվը` նշելով, որ ծրագրի շնորհիվ երիտասարդ աստղագետները հնարավորություն են ստանում ժամանակակից աստղագիտությանը ծանոթանալու եւ միմյանց հետ կապեր հաստատելու: Ըստ ծրագրի ղեկավարի` այս ծրագիրը նաեւ այն երկրների ուսանողների համար է, որոնք տնտեսապես թույլ են եւ չեն կարող լիարժեք պրոֆեսիոնալ մասնագետներ պատրաստել: «Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կխթանի աստղագիտության զարգացմանը»,- ասաց Ժան-Պիեր Դե Գրեվը` բարձր գնահատելով դպրոցի արդյունավետությունը: Երիտասարդ աստղագետների ամառային դպրոցը մեկնարկել էր սեպտեմբերի 12-ին:
Վերջինիս մասնակցություն են ունեցել 50 ուսանողներ. 32-ը արտասահմանյան երկրներից` Գերմանիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Սերբիայից, Լիտվայից, Հնդկաստանից եւ այլն, իսկ 18-ը` Հայաստանից: Յուրաքանչյուր արտասահմանյան երկիր ներկայացնում էին 1-3 ուսանողներ: Ամառային դպրոցում դասավանդել են հռչակավոր դասախոսներ` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից, Ռուսաստանից ինչպես նաեւ Հայաստանից, մասնակից ուսանողների ընտրությունը եւս կատարվել է բավական լրջորեն:
Ծրագրում ընդգրկված երիտասարդ աստղագետները հիմնականում ասպիրանտներ ու մագիստոսներ են: Վերջիններս փակման արարողության ժամանակ երախտիքի խոսքեր հղեցին կազմակերպիչներին` բարձր գնահատելով ծրագրի արդյունավետությունը: Փակման արարողության ժամանակ տեղի ունեցավ նաեւ Քարահունջին նվիրված գրքի շնորհանդեսը: Մասնակիցներին նվիրվեցին գրքեր եւ պարգեւատրվեցին նրանցից ամենաակտիվները: Կայացան նաեւ հետաքրքիր նկարաշարերի ցուցադրություններ եւ քննարկումներ: Հայաստանում անցկացված Երիտասարդ աստղագետների միջազգային 32-րդ դպրոցն այսօր ամփոփվեց երիտասարդ կոմպոզիտոր Էդուարդ Մանուկյանի ստեղծագործությունների կատարմամբ: