Մամուլի հաղորդագրություն, 26.05.2012թ.

 

Իր գործունեությունն է սկսել «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը

 

      

 

Ինչպես հայտնի է, 2011-ի հոկտեմբերից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծվել և իր գործունեությունն է ծավալում «Տիեզերք» ակումբը, որի հիմնադիրն է աստղագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի նախկին գիտաշխատակից Ավետիք Գրիգորյանը: Ակումբի գործունեության հիմնական շեշտը դրված է ուսուցողական պարապմունքների անցկացման վրա, որոնք կատարվում են Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքում զետեղված նյութի հիման վրա` հեղինակի կողմից պատրաստված հետաքրքրաշարժ պրեզենտացիաներով: Ակումբի դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Ակումբը ղեկավարում է երիտասարդ աստղագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Լևոն Արամյանը: Այս տարվա ապրիլից կրթահամալիրի «Մեդիակենտրոնում» իր գործունեությունն է սկսել իր տեսակով Հայաստանում առայժմ միակ աստղացուցարանը: «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն է իր տեսակով և միտված է հասարակության մեջ մեծ սեր առաջացնել դեպի աստղագիտությունը, ինչպես նաև դպրոցահասակներին գիտականորեն հիմնավորված աստղագիտական գիտելիքներ մատուցել: Աստղացուցարանում ցուցադրվում են ֆիլմեր, որոնք ստեղծված են հատուկ 360˚ (այսինքն բոլոր կողմերից), ինչպես նաև գլխավերևում ցուցադրման համար, այն հիանալի տարածական զգացողություններ է պատճառում, ավելի բնական քան մնացած այլ տարածական ցուցադրման միջոցները: Այն հնարավորություն է ընձեռում նաև արհեստականորեն ստեղծել վիրտուալ երկինք և օգտվողներին ծանոթացնել երկնակամարի պայծառ աստղերի և հայտնի համաստեղությունների հետ: Աստղացուցարանի ծառայություններից արդեն հասցրել են օգտվել ավելի քան 400 հոգի, ովքեր իրենց հիացմունքն են արտահայտել աստղացուցարանի մասին: Առայժմ այնտեղ ցուցադրվում են աստղագիտական 4 ֆիլմեր և 1 անիմացիոն ֆիլմ: Վերջերս ակումբը ձեռք է բերել նաև 20 սմ տրամագիծ ունեցող հայելիով սիրողական աստղադիտակով, որով դիտվում են երկնքի զանազան հետաքրքրաշարժ օբյեկտներ:

 

Հայկական աստղագիտական ընկերություն