Մամուլի հաղորդագրություն, 04.06.2012թ.

 

Վլադիմիր Հայրապետյանի հանրային դասախոսությունը

Հայաստանի ամերիկյան համալսարանում

 

 

Հունիսի 6-ին (չորեքշաբթի), ժամը 17:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Բյուրականի աստղադիտարանի նախկին գիտաշխատող պրոֆ. Վլադիմիր Հայրապետյանի (ՆԱՍԱ և Ջորջ Մեյսոն համալսարան, ԱՄՆ) հանրային դասախոսությունը «Մեր գեղեցիկ և մոլեգին Տիեզերքի թաքնված կյանքը» թեմայով: Պրոֆ Հայրապետյանը կպատմի, թե ինչպես Բյուրականում հայտնաբերված աստղագիտական օբյեկտները աշխարհի տարբեր երկրների աստղագետների նոր սերնդին ոգեշնչեցին զարգացնել Տիեզերքի առաջացման հեղափոխական նոր պատկեր: Օգտագործվելու են ժամանակակից տիեզերական աստղադիտարանների պատկերներ և նորագույն անիմացիաներ: Հիշեցնենք, որ վերջերս պրոֆ. Հայրապետյանը պատրաստել է «Տիեզերքի զարմանահրաշ պատմությունները» (Rocking Stories of the Universe”) առցանց աստղագիտական դասագիրքը, որի առանձնահատկությունն այն է, որ այն աստղագիտության ամենաթարմ «զարմանահրաշ պատմությունների» ներկայացումն է` համակարգված, ակնառու և ինտերակտիվ ձևով: Այն ընդգրկում է ավելի քան 250 անիմացիա և սիմուլյացիա, ինչպես նաև ռադիոյից մինչև գամմա-ալիքային տիրույթում ստացված ավելի քան 500 պատկեր: Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1960թ., 1982-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը «աստղաֆիզիկա» մասնագիտացմամբ և 1982-1994 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում, 1989-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: Այնուհետև տեղափոխվել է արտերկիր, աշխատել է մի շարք երկրների գիտական կենտրոններում և ներկայումս աշխատում է Վաշինգտոնում` ՆԱՍԱ-ի հետազոտական լաբորատորիայում և Ջորջ Մեյսոնի համալսարանում (Վիրջինիա, ԱՄՆ): Գիտական հետաքրքրությունների ոլորտը` տեսական աստղաֆիզիկա և Արեգակնային համակարգ: Դասախոսության համար մուտքը ազատ է: 

 

Հայկական աստղագիտական ընկերություն