Մամուլի հաղորդագրություն, 04.07.2012թ.

 

Երիտասարդ հայ աստղագետը մասնակցեց

Վատիկանի միջազգային ամառային դպրոցին

 

 

Հունիսի 3-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Վատիկանում տեղի ունեցավ Վատիկանի աստղադիտարանի 13-րդ միջազգային ամառային դպրոցը: Այս ամառային դպրոցների շարքը աշխարհում ամենահեղինակավորներից է նմանատիպ միջոցառումների թվում: Դրանք սկսած 1986 թվականից անցկացվում են երկու տարին մեկ անգամ, տևում են 4-ական շաբաթ, ներգրավում են 25-ական երիտասարդ և ամեն անգամ նվիրվում են աստղագիտության կարևորագույն և հրատապ թեմաներից մեկին: Այս անգամ դպրոցի թեման էր աստղակույտերի կազմավորումն ու էվոլյուցիան, իսկ քննարկվող հարցերի թվում էին աստղերի կառուցվածքը և էվոլյուցիոն փուլերը, մոլորակների կազմավորումը, աստղային բնակչությունները և դինամիկան, գնդաձև աստղակույտերը, աստղակույտերի կազմավորման տեսությունը և այլն: Դպրոցին գրանցված մոտ 160 երիտասարդ աստղագետներից և ուսանողներից ընտրվել էին 25 հոգի հետևյալ 23 երկրներց` ԱՄՆ. Արգենտինա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Թայվան, Թաիլանդ, Ինդոնեզիա, Իտալիա, Հայաստան, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Կանադա, Մադագասկար, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Նեպալ, Չիլի, Պերու, Վենեսուելա, Վիետնամ, Վրաստան և Սլովակիա: Հայաստանի ներկայացուցիչն էր ՀՀ ԳԱԱ Վ.Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Հայկ Աբրահամյանը: Դասընթացները բաժանված էր 3 հիմնական մասերի` առավոտյան և երեկոյան դասախոսություններ և գործնական պարապմունքներ: Դասախոսություններ կարդալու համար հրավիրված էին հայտնի գիտնականներ Դուգլաս Հեգգին (դասընթացների ղեկավար, Էդինբուրգի համալսարան), Դեյվիդ Բրաունը (ֆակուլտետի դեկան, Վատիկանի աստղադիտարան), Խոսե Ֆյունեսը (Վատիկանի աստղադիտարանի տնօրեն), Ֆրանչեսկա Դանտոնան (Հռոմի աստղադիտարան), Նեյտ Բաստիանը (Մյունխենի համալսարան) և Մարկ Գիլեսը (Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա): Յուրաքանչյուր ուսանող ներկայացրեց 15-20 րոպեանոց զեկույց: Հայաստանի ներկայացուցչի զեկույցը նվիրված էր Հայաստանի հիշարժան վայրերին, Բյուրականի աստղադիտարանին և երկնքի ենթակարմիր աղբյուրների վերաբերյալ իր կատարած աշխատանքին: Ամառային դպրոցի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում Հռոմի Պապի հետ և բազմաթիվ էքսկուրսիաներ` Վատիկանի թանգարաններ, Ֆլորենցիա, Գալիլեո Գալիլեյի տուն և թանգարան, Պիզայի աշտարակ, Միջերկրական ծով և տասնյակ ամրոցներ:

 

Հայկական աստղագիտական ընկերություն