Մամուլի հաղորդագրություն, 30.09.2012թ.

 

Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ

Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված գիտաժողով

 

 

Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-26-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ պատմա-աստղագիտական գիտաժողով «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով, որը նվիրված էր ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին: Կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը: Գիտաժողովին մասնակցեցին աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն էին աստղագիտական բնույթի ժայռապատկերները, հնագույն օրացույցները և տոմարը, աստղագիտական եզրաբանությունը, հնագույն աստղադիտարանները և աստղագիտական գործիքները, աստղագիտական երևույթների հիշատակությունները պատմական աղբյուրներում, Անանիա Շիրակացու տիեզերագիտական և տոմարագիտական ժառանգությունը և այլն: Զեկուցումներով հանդես եկան Էլմա Պարսամյանը (ԲԱ), Վալերի Համբարյանը (Յենայի համալսարան, Գերմանիա), Սեն Արևշատյանը (Մատենադարան և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության ինստիտուտ), Լիլիթ Նազարյանը (ԵՊՀ), Էդուարդ Դանիելյանը (ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), Գոհար Վարդումյանը (ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), Ջուլիետա Էյնաթյանը (Մատենադարան), Կարեն Թոխաթյանը (ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), Նորա Երզնկյանը (ԵՊՀ), Հայկ Հարությունյանը (ԲԱ), Արեգ Միքայելյանը (ԲԱ), Մարիետա Գյուլզադյանը (ԲԱ և Երևանի ֆիզմաթ դպրոց), Ավետիք Գրիգորյանը (ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական ակումբ) և այլոք: Հատուկ նշվեց միջազգային կազմակերպությունների կողմից աստղագիտական արժեքների պահպանման և ուսումնասիրության կարևորումը, ինչպես նաև աստղագիտության դերը ազգային մշակույթում:

 

Հայկական աստղագիտական ընկերություն