Մամուլի հաղորդագրություն,
11.10.2012թ.
Հոկտեմբերի
15-ին լրանում
է հայկական աստղագիտության ակնառու դեմքերից մեկի՝ ակադ.
Գրիգոր Արամի Գուրզադյանի
90-ամյակը: Նրա
համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունքն են պատճառել գիտնականների շրջանում: Ծնվել
է 1922թ. Բաղդադում (Իրաք), 1915-ին Արևմտյան Հայաստանից տեղահանված ծնողների ընտանիքում:
1944-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները:
1948-ին, 26 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ: Աշխատանքային
գործունեությունը
սկսել է Բյուրականի
աստղադիտարանում
(ԲԱ): 1955-ին (33 տարեկանում) պաշտպանել է դոկտորական թեզը: 1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը,
1967-1973-ին` տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը,
1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան,
1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ, 1992-2004-ին` Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն:
1979-ից եղել է նաև ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ:
1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման,
1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ,
1986-ին` ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ:
Աշխատանքները վերաբերում են միջաստղային տարածության ճառագայթային հավասարակշռության խնդիրներին, աստղասփյուռների ձևաբանական և կինեմատիկական ուսումնասիրությանը, դիֆուզային և մոլորակաձև միգամածություններին, տիեզերական սարքաշինությանը: Մշակել է երկթաղանթ միգամածությունների առաջացման տեսությունը, ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ձևերի առաջացման գործում մագնիսական դաշտի նշանակությունը, մշակել է աստղերի բռնկման տեսություն,
ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր:
1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ («շուրջքրոմների») և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները: Որպես տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկը, դեռ
1960-ականներին ղեկավարել
է Արեգակի և աստղերի գերմանուշակագույն և ռենտգենյան դիտումները: Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանների օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը (1971թ.՝
«Օրիոն-1»-ը «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանի վրա և 1973թ.՝ «Օրիոն-2»-ը
«Սոյուզ-13» տիեզերանավի վրա):
Գուրզադյանը տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ է
(1950) և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ
(1975): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Նրա ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ և գրական ստեղծագործություններ:
Հայկական աստղագիտական
ընկերություն