Մամուլի հաղորդագրություն,
10.12.2012թ.
Դեկտեմբերի
11-ին լրանում
է 20-րդ
դարի սփյուռքահայ
ականավոր
աստղագետներից
և ամերիկյան
հայտնի ռադիոաստղագետներից
մեկի` պրոֆ.
Գաբրիել Կոջոյանի
85-ամյակը: Նա
լուրջ ներդրում ունի ինչպես
աստղաֆիզիկայի,
այնպես էլ աստղագիտական
սարքաշինության
մեջ: Կոջոյանը
ծնվել է
1927թ. դեկտեմբերի
11-ին Փրովիդենսում
(Ռոդ-Այլենդ,
ԱՄՆ): Նա Հարի և Նազլեյ
(Պետիկյան)
Կոջոյանների
որդին էր: Ավարտել
է Բրաունի
համալսարանը
(1952)` ստանալով
բակալավրի
կոչում էլեկտրական
ճարտարագիտության
բնագավառում:
Այնուհետև`
1957-ին, ավարտել
է Ռոդ-Այլենդի
համալսարանը`
ստանալով
մագիստրոսի
կոչում միջուկային
ֆիզիկայի
բանագավառում:
22 տարի ապրելով
Վիսկոնսին
նահանգում,
այնուհետև
տեղափոխվել
է Կալիֆոռնիա:
Ստացել է գիտությունների
դոկտորի կոչում ֆիզիկայի բնագավառում
(1966, Կալիֆոռնիայի
համալսարան,
Բերկլի): Աշխատել է Թրեյսերլաբում
(1966-1967), ՆԱՍԱ-ի Էյմս
(1967-1968), Մասաչուսեթսի
համալսարանում
(1969-1971), Մասաչուսեթսի
տեխնոլոգիական
ինստիտուտում
(MIT, 1972-1973), և Իրանի
Շիրազի Պահլավի համալսարանում
(1975-76): 1976-ին և 1978-ին որպես
այցելու պրոֆեսոր աշխատել է նաև Բյուրականի
աստղադիտարանում,
ակադ. Վիկտոր
Համբարձումյանի
ղեկավարությամբ,
ուսումնասիրելով
Մարգարյանի
գալակտիկաները:
1978-ից աշխատել
է Վիսկոնսինի
Օ Կլերի համալսարանում,
եղել է ֆիզիկայի
և աստղագիտության
պրոֆեսոր:
Նա սիրված
դասախոսներից
էր` հատկապես
հայտնի իր էնտուզիազմի
և դասավանդվող
առարկայի
նկատմամբ
հաճախ ոչ ավանդական
մոտեցման
համար:
Կոջոյանի գիտական
հետաքրքրությունները
վերաբերում
էին արտագալակտիկական
և գալակտիկական
ռադիոաստղագիտությանը,
որը նրա
հետազոտությունների
առաջնային
բնագավառն
էր: Հետազոտությունների
մյուս բնագավառներն
էին տարրական
մասնիկների
ֆիզիկան, արեգակնային
ֆիզիկան
և ոչ գծային
օպտիկան: Կյանքի վերջին տարիներին
աշխատել
է նաև քվանտային
կետերի հարցի շուրջը`
Արիզոնայի
համալսարանի
Օպտիկական
գիտություների
կենտրոնում:
Օ Կլերում նախաձեռնել,
նախագծել
և իր խմբի
հետ համատեղ
կառուցել
է մեծ ճշտության
կոորդինատների
չափման սարք: Մասնավորապես,
այդ սարքով
չափվեցին
հարյուրավոր
գալակտիկաների
ճշգրիտ դիրքերը, որոնք այնուհետև
դիտվեցին
Գրին Բենքում
և Արեսիբոյում:
Այդ աշխատանքները
տպագրվեցին
ամերիկյան
հեղինակավոր
Astrophysical Journal հանդեսում:
Ղեկավարել
է նաև մի
շարք այլ
սարքերի իրականացման
նախագծեր:
Նրա կարևորագույն
աշխատանքներից
էին Մարգարյանի
գալակտիկաների
կոորդինատների
չափումները,
որն իրականացվեց
Բյուրականի
աստղագետների
հետ համատեղ:
Իսկ իր
մահվանից
առաջ նախաձեռնեց
նաև Բյուրականյան
Երկրորդ շրջահայության
օբյեկտների
կոորդինատների
չափումների
ծրագիրը: Կոջոյանի գիտական աշխատանքները
միշտ առաջ
էին բերում
լայնածավալ
ծրագրեր, որտեղ կարող
էին ընդգրկվել
և հաջողություններ
ունենալ նաև նրա
աշակերտները:
Նա հաճախ
իր սեփական
հնարավորություններով
օգնում էր իր ուսանողներին:
Կոջոյանի
աշակերտները
ներկայումս
ամերիկյան
բազմաթիվ
համալասարաններում
և գիտահետազոտական
ինստիտուտներում
հայտնի պրոֆեսորներ
և գիտաշխատողներ
են: Նա
հայտնի էր նաև
որպես չափազանց ազնիվ, մարդկային,
ընկերասեր
և հումորով
անձնավորություն:
Իր աշխատանքների
շնորհիվ Կոջոյանը ճանապարհորդել
է աշխարհի
բազմաթիվ
վայրեր. Կանադայից
մինչև Պերու և Եվրոպայից
մինչև Մերձավոր Արևելք, տպագրել է բազմաթիվ գիտական աշխատանքներ:
Նա Ամերիկյան
աստղագիտական
ընկերության,
ինչպես նաև Փրովիդենսում
և Բոստոնում
Հայ օգնության
միության
և Հայկական
երիտասարդական
միության
անդամ էր: Մահացել
է 70 տարեկանում`
1998թ. մայիսի
17-ին:
Հայկական աստղագիտական
ընկերություն