Մամուլի հաղորդագրություն, 30.03.2013թ.

 

26 տարի առաջ մարտի 30-ին Երկրի ուղեծիր դուրս բերվեց

հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը

 

 

26 տարի առաջ` 1987թ. մարտի 30-ին, Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը, իսկ մեկ տարի անց` ուղիղ 25 տարի առաջ, լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը: «Գլազարը» նախագծվել և կառուցվել էր «Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրոյում պրոֆ. Հրանտ Թովմասյանի գիտական և Յուրի Խոջայանցի վարչական ղեկավարությամբ: Այն աշխատեց խորհրդային «Միր» տիեզերակայանի «Քվանտ» մոդուլի վրա: «Գլազարը» 40սմ Ռիչի-Կրետյենի համակարգի 1.3 աստիճան տեսադաշտով դիտակ էր, որը լուսանկարչական ժապավենի վրա գրանցում էր տիեզերական մարմինների ճառագայթումը 1640 անգստրեմ ալիքի երկարության վրա 250 անգստրեմ լայնության շերտով:

Դիտումներն իրականացվեցին տիեզերագնացների տարբեր անձնակազմերով` Յու.Մ. Ռոմանենկո, Ա.Ի. Լավեյկին, Ա.Պ. Ալեքսանդրով, Վ.Գ. Տիտով, Մ.Խ. Մանարով, Ա.Ս. Վիկտորենկո, Ա.Ա. Սերեբրով, Ա.Ա. Վոլկով և Ս.Կ. Կրիկալյով: Գիտական ծրագրերին Բյուրականի աստղադիտարանից մասնակցեցին Հ.Մ. Թովմասյանը, Ռ.Խ. Հովհաննիսյանը և Ռ.Ա. Եփրեմյանը, հետագայում նաև մեքսիկացի աստղագետներ:  Դիտումներն իրականացվեցին 1987-1989թթ.: Դիտվեցին 14 OB աստղասփյուռների և Մագելանի մեծ ամպի տիրույթները: Մասնավորապես հայտնաբերվեցին OB աստղերի նոր խմբավորումներ: «Գլազարի» շնորհիվ պարզվեց նաև, որ Մագելանի մեծ ամպի 1987A Գերնորի նախաստղը B դասի աստղ է: Որոշ վաղ դասի աստղերի շուրջ հայտնաբերվեցին նաև փոշային թաղանթներ: Գիտական արդյունքները հրապարակվել են 26 հոդվածներում և 5 գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

1990թ. «Գլազարի» բարելավված տարբերակը` «Գլազար-2»-ը, դուրս բերվեց «Միր» կայանի վրա, սակայն տեխնիկական պատճառներով այն գիտական արդյունք չտվեց:

Հայկական տիեզերական աստղագիտության պատմության մեջ «Գլազարը» երրորդ աստղադիտակն էր. մինչ այդ Երկրի ուղեծիր էին դուրս բերվել Գ.Ա. Գուրզադյանի կողմից նախագծված խորհրդային առաջին տիեզերական աստղադիտակները` «Օրիոն» և «Օրիոն-2»:

 

Հայկական աստղագիտական ընկերություն