Մամուլի հաղորդագրություն, 26.04.2013թ.

 

Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադան

 

 

Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվեց ապրիլի 22-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցում: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 41 աշակերտ Երևանից, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից, այդ թվում` 2010-2012 թթ. միջազգային աստղագիտական օլիմպիադաների մրցանակակիրներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Վասիլյանը, Վարդգես Մամբրեյանը, Վահան Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը և Սիրանուշ Բաբախանովան: Ժյուրիի նախագահն էր աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանը, իսկ մյուս անդամներն էին Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ Մարիետա Գյուլզադյանը, Արարատ Եղիկյանը և Արեգ Միքայելյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս Էմիլիա Կարապետյանը, Հայկական մանկավարժական համալսարանի դասախոս Սերգեյ Ներսիսյանը և 2004թ. Միջազգային օլիմպիադայի հաղթող և ԵՊՀ Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտ Տիգրան Նազարյանը:

 

Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից,  աստղաչափությունից և ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցի (ՖՄԴ), Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հենակետային վարժարանի և «Քվանտ» վարժարանի սաները: Առաջին կարգի դիպլոմի արժանացան Վահան Ասլանյանը (ՖՄԴ), Վարդգես Մամբրեյանը (ՖՄԴ), Գևորգ Մարտիրոսյանը (ՖՄԴ) և Արսեն Վասիլյանը (ՀՊՃՀ), II կարգի` Կարեն Համբարձումյանը (ՖՄԴ), III կարգի` Սիրանուշ Բաբախանովան (ՖՄԴ), Էդուարդ Գրիգորյանը («Քվանտ»), Հրաչյա Դավթյանը (ՀՊՃՀ) և Հայկ Սողոմոնյանը (ՖՄԴ), իսկ գովասանագրերի` Հրաչյա Բաբուջյանը (ՖՄԴ), Հրանտ Թոփչյանը (ՖՄԴ), Դավիթ Խեչոյանը («Քվանտ»), Արա Մամբրեյանը (ՖՄԴ) և Աստղիկ Ցոկոլակյանը (ՀՊՃՀ):

 

Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի աշնանը կկայանա Լիտվայում: Հիշեցնենք, որ հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 8 ոսկե, 5 արծաթե և 14 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 17-ամյա պատմության ընթացքում:

 

Հայկական աստղագիտական ընկերություն