Մամուլի հաղորդագրություն,
13.05.2013թ.
Մայիսի
12-ին լրացավ
խորհրդահայ վաստակաշատ աստղագետ Թադևոս Աղեկյանի 100-ամյա
հոբելյանը:
Նրա բեղուն գործունեության արդյունքն են ինչպես բազմաթիվ կարևոր գիտական աշխատանքներ, այնպես էլ մի շարք անվանի գիտնականներ և աստղագիտության դասական մենագրություններ:
Թադևոս Արտեմի Աղեկյանը ծնվել է
1913թ. մայիսի 12-ին Բաթումում: 1938-ին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի (ԼՊՀ) մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը: 1938-41-ին դասավանդել է միջակարգ դպրոցում և զուգահեռաբար սովորել է ԼՊՀ հեռակա ասպիրանտուրայում: 1941-45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին` զենիթային հրետանու գնդի շտաբի պետի պաշտոնում (կապիտանի կոչումով): Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Հայրենական Մեծ Պատերազմի 2-րդ կարգի շքանշանով և մեդալներով: Զորացրումից հետո վերադարձել է ԼՊՀ և
1946-ից դասավանդել է աստղային դինամիկա, աստղային կինեմատիկա և աստղային վիճակագրություն: 1947-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1958-ին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր: 1961-ին արժանացել է պրոֆեսորի կոչման:
Գիտական հետազոտությունները վերաբերում են գալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղային վիճակագրության և երկնային մեխանիկայի խնդիրներին: Հիմնական գիտական արդյունքները ստացել է աստղային համակարգերի անկանոն դաշտի տեսության, ռադիոդիտումների տվյալների հիման վրա աստղային համակարգերի դինամիկայի, պտտա-համաչափ
պոտենցիալի դաշտում շարժման տեսության ոլորտներում:
Գիտական հետազոտությունների հետ համատեղ Աղեկյանը մեծ ուշադրություն էր դարձնում մանկավարժական աշխատանքին և գիտության մասսայականացմանը: Նա աստղագիտության մեջ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության կիրառության հարցերին նվիրված դասագրքերի («Սխալների տեսության հիմունքները աստղագետների և ֆիզիկոսների համար», «Հավանականությունների տեսությունը աստղագետների և ֆիզիկոսների համար»), «Աստղաֆիզիկայի և աստղային աստղագիտության դասընթացի» (1951թ.) մի շարք գլուխների և «Աստղեր, գալակտիկաներ, Մետագալակտիկա» մենագրության (երեք հրատարակություն, վերջինը` 1981թ.) հեղինակ է: Վերջինս նաև թարգմանվել և հրատարակվել է անգլերեն, իտալերեն և ռումիներեն լեզուներով: Աղեկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական թեզ, իսկ նրա աշակերտներից չորսը պաշտպանել են նաև դոկտորական թեզ: Աղեկյանի
բոլոր ուսանողներն
ու ասպիրանտները
հատուկ նշում են
նրա մանկավարժական
տաղանդը
և դասավանդման
արտասովոր
եռանդը:
Աղեկյանը վախճանվել է
2006թ. հունվարի 15-ին Լենինգրադում: Աստղագիտության զարգացման մեջ մեծ ներդրման համար Աղեկյանի անունով է կոչվել Արեգակնային համակարգի թիվ 3862 փոքր մոլորակը:
Հայկական աստղագիտական
ընկերություն