Մամուլի հաղորդագրություն, 22.09.2013թ.

 

Աշնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական աշունը

 

 

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գրինվիչի ժամանակով 20:44, Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցնում է հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում աշնանային գիշերահավասարը սեպտեմբերի 23-ին էր, իսկ այժմ արդեն` 22-ին: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Նշենք նաև, որ եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:

Հայկական աստղագիտական ընկերություն