Մամուլի հաղորդագրություն, 25.04.2014թ.
Ապրիլի 29-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` Արեգակի օղակաձև խավարում
Ապրիլի 29-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում: Օղակաձև խավարումն ի տարբերություն լրիվ խավարման, Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 03:52:38 -ին և մի քանի ժամ անց՝ 06:04:33 (UTC), կլինի առավելագույն փուլը, որը կտևի 5 րոպե 13 վայրկյան: Իսկ խավարումն ամբողջությամբ կավարտվի 08:14:28 (UTC): Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արեգակի մոտ 0.98 մասը: Արեգակի օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Այս անգամ Լուսնի ստվերից բացակայում է Երկրի հարավային բևեռը,մասնակի խավարումը տեսանելի կլինի հարավային Հնդկաստանից, Անտարկտիկայից և Ավստրալիայից։ Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ կամ դրա մի մասը միայն: Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը` գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ), և խավարման առավելագույն փուլում այն ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե» օղակ հիշեցնող պատկեր:
Չնայած տարեկան տեղի է ունենում Արեգակի 2-5 խավարում, հաջորդ օղակաձև խավարումը սպասվում է միայն 2016 թ․սեպտեմբերի 1-ին:
Հայկական աստղագիտական ընկերություն