Մամուլի հաղորդագրություն #379, 16.12.2014թ.
ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏ ԵԼԵՆԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է հայ աստղագետ Ելենա Նիկողոսյանի 50-ամյակը: Ելենա Համլետի Նիկողոսյանը ծնվել է 1964թ. դեկտեմբերի 16-ին Երևանում: 1986-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետն աստղաֆիզիկա մասնագիտացմամբ և աշխատանքի է ընդունվել Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ): 2002-ին պաշտպանել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական թեզ գալակտիկաների կույտերի ենթակառուցվածքների ուսումնասիրության թեմայով (ղեկավար` Հայկ Հարությունյան): 2004-ից՝ ԲԱ գիտական քարտուղարն է: Որպես այցելու աստղագետ մի քանի անգամ աշխատել է Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտում (IAP): Ակտիվորեն համագործակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ, Ճապոնիայի, Գերմանիայի, Իռլանդիայի և այլ երկրների գիտնականների հետ: Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների։ Տարիներ շարունակ ակտիվորեն դիտումներ է իրականացրել ԲԱ 2․6մ աստղադիտակով։
Հետազոտությունների հիմնական թեմաներն են աստղառաջացման գործընթացների հետ կապված խնդիրները, ներառյալ նախքան գլխավոր հաջորդականության աստղերի (PMS stars) արտահոսքային ակտիվությունը, երիտասարդ աստղակույտերը, T Ցուլի տիպի աստղերը, ֆուօրները և այլն, ինչպես նաև գալակտիկաների կույտերը և արտարեգակնային մոլորակները: Արդյունքում Նիկողոսյանը հրատարակել է ավելի քան 45 գիտական հոդված, այդ թվում աստղաֆիզիկայի միջազգային կարևորագույն ամսագրերում (եվրոպական Astronomy & Astrophysics, ամերիկյան Astronomical Journal և Astrophysical Journal, բրիտանական Monthly Notices of the Royal Astronomical Society,
գերմանական Astronomische Nachrichten, ճապոնական Publications of the Astronomical Society of Japan,
ռուսական Astronomy Reports, ՀՀ ԳԱԱ Astrophysics), միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում և մի շարք էլեկտրոնային կատալոգներ:
Նիկողոսյանը դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Հանդիսանում է մի շարք դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավար: Դասախոսություններ է կարդացել Բյուրականյան միջազգային ամառային դպրոցներում և ՀԱԸ ծրագրով՝ ՀՀ մի շարք դպրոցներում։
Արժանացել է Ամերիկյան աստղագիտական ընկերության (AAS), եվրոպական INTAS, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (NFSAT), Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ANSEF, 2006 և 2008) և ՀՀ գիտպետկոմի դրամաշնորհներին։ Միջազգային աստղագիտական միության (2012), Եվրոպական (2002) և Հայկական (1999) աստղագիտական ընկերությունների անդամ է: ՀԱԸ հիմնադիր անդամ է և 2001-ից՝ ՀԱԸ գիտական քարտուղարը։ 2009-ին արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվոգրի և ՀԱԸ/ԲԱ Փարիս Փիշմիշի անվան մրցանակի՝ որպես Հայաստանի տարվա լավագույն կին աստղագետ։
Հայկական աստղագիտական ընկերություն