Մամուլի հաղորդագրություն #413, 16.02.2015թ.

 

ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԱՐԵԳԱԿԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՓՈՒԼԸ

 

  

 

Ավարտին է մոտենում Արեգակի ակտիվության առավելագույն փուլը, ինչը նշանակում է, որ շուրջ 10 տարի կդիտվի Արեգակի ավելի «հանգիստ» ակտիվություն։ Արեգակի ակտիվությունը պարբերական բնույթ ունիայն շատ թե քիչ կանոնավոր կերպով կրկնվում է 11-ամյա պարբերաշրջանով, իսկ՝ հաշվի առնելով նաև Արեգակի մագնիսական բևեռների փոփոխությունն ամեն պարբերաշրջանից հետո, այն ամբողջովին կրկնվում է 22-ամյա պարբերաշրջանով։ Այդ ընթացքում նրա ակտիվ գոյացությունների (արևաբծեր, բռնկումներ, հրվիժակներ, հրասյուներ և այլն) թիվը պարբերաբար աճում, հետո նվազում է: Առավելագույն փուլում (մաքսիմումում), որում հիմա մենք գտնվում ենք, այդ գոյացությունները կարող են մի քանի անգամ ավելի բազմաթիվ և հզոր լինել, սակայն ամեն դեպքում, Արեգակի ընդհանուր ճառագայթման մեջ նրանց ներդրումը չնչին է: Այդ տեսակետից Արեգակը հաստատուն կամ կայուն աստղ է` ի տարբերություն փոփոխական աստղերի, որոնք իրենց պայծառությունները կարող են  փոփոխել տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ: Նման աստղերի շուրջ բնակելի մոլորակներ գոյություն ունենալ չեն կարող:

Այնուամենայնիվ, Արեգակի մակերևույթին փոքր մասշտաբների փոփոխությունները միշտ էլ կարևոր են մեզ համար: Թեև խուճապի մեջ ընկնելու կարիք չկա, սակայն դրանց պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ արեգակնային բռնկումների հետևանք են երկրամագնիսական փոթորիկները (Երկրի մագնիսոլորտի կտրուկ փոփոխությունները), որոնք կարող են բերել էլեկտրակայանների, ռադիոկապի և այլ հաղորդակցությունների խափանման, ինչպես նաև սրտանոթային հիվանդների առողջական ծանր խնդիրների և նույնիսկ մահացության:

Վերջին 200 տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ Արեգակի ակտիվությունը, կրկնվելով 11-ամյա պարբերաշրջանով, ունի նաև կանոնավոր աճ։ Որոշ գիտնականներ դրա հետ են կապում հենց Երկրի մակերևույթին միջին ջերմաստիճանի աճը՝ այսպես կոչված համընդհանուր տաքացումը։ Հիշեցնենք, որ այստեղ առկա է նաև արհեստածին բաղադրիչը՝ մարդու գործունեության հետևանքով տեղի ունեցող մթնոլորտի աղտոտումը։

 

Հայկական աստղագիտական ընկերություն