Մամուլի հաղորդագրություն #433, 23.03.2015թ.
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2015թ.
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ, EAS) հրապարակել է 2015թ․ մրցանակների հաղթողների անունները։
ԵԱԸ գլխավոր՝ Տիխո Բրահեի մրցանակին, արժանացել է շվեյցարացի հանրահայտ աստղագետ պրոֆ․ Միշել Մայորն՝ առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերմանը նպաստած սարքավորման մշակման և վերջին 20 տարում այդ ոլորտում առաջատար դերի համար։ Այս մրցանակը տրվում է եվրոպական աստղագիտական սարքավորումների մշակման կամ կիրառման կամ այս սարքաորումներով կատարվող ակնառու հայտնագործությունների համար։ Հիշեցնենք, որ Միշել Մայորը նաև Վիկտոր Համբարձումյանի անվ․ միջազգային գիտական մրցանակի առաջին հաղթողն է (2010թ.)։
Լոդեվիյկ Վոլչերի դասախոսությանն արժանացել է հոլանդացի աստղաքիմիկոս պրոֆ․ Էվին վան Դիշուկը՝ մոլեկուլային աստղաֆիզիկայում նրա ունեցած նշանակալի աշխատանքների համար, մասնավորապես աստղերի և մոլորակների առաջացման ոլորտում։
Երիտասարդ աստղագետների համար սահմանված ՄԵՐԱԿ մրցանակներին արժանացել են․ տեսական աստղաֆիզիկայի ոլորտում դր․ Միկելա Մապելին՝ աստղակույտերի և գալակտիկաների դիմանիկայի, վերաիոնացման ժամանակաշրջանի, Գալակտիկայի կենտրոնի և զանգվածեղ աստղային սև խոռոչների առաջացման խնդիրներում տեսական և հաշվողական աշխատանքների համար, դիտողական աստղաֆիզիկայի ոլորտում դր․ Սասկիա Հեկերը՝ CoRoT և Kepler արբանյակների կողմից չափված աստղային օսցիլյացիաների հիման վրա կարմիր հսկա աստղերի ներքին կառուցվածքի պարզաբանման աշխատանքների համար, նոր տեխնոլոգիաների ոլորտում դր․ Սիլվեստր Լաքուրը՝ ակնադետի ծածկման և ակնադետի վերապատկերավորման դիտողական տեխնիկայի մշակման համար, ինչն աստղերի անմիջական շրջակայքի ուսումնասիրության համար ապահովում է բարձր կոնտրաստի և բարձր անկյունային լուծունակության եզակի համադրություն։
Մրցանակները կհանձնվեն 2015թ․ հունիսին Կանարյան կղզիներում կայանալիք ԵԱԸ համագումարի ընթացքում։
Հայկական աստղագիտական ընկերություն