Մամուլի հաղորդագրություն #439, 02.04.2015թ.
ՀՀ ԳԱԱ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ
Այսօր տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ բաժանմունքների տարեկան հաշվետու ժողովները: Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքում գիտական և գիտակազմակերպական գործունեության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու. Չիլինգարյանը: Նա նշեց, որ նույնիսկ ցածր ֆինանսավորման պայմաններում բաժանմունքի գիտնականները հաջողությամբ շարունակել են գիտական հետազոտությունները ֆիզիկայի և աստղաֆիզիկայի տարբեր բնագավառներում: Կարևոր և զգալի հետաքրքրություն ներկայացնող արդյունքներ են ստացվել մասնավորապես հետևյալ ինստիտուտներում` Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ: Քննարկվեցին նաև ընդհանուր բնույթի հարցեր: Մասնավորապես վերլուծվեց Հայաստանում ներկայումս ֆիզիկայի ներուժի և պահանջվածության մակարդակը և նրա օգտագործումը Հայաստանի` որպես քաղաքակիրթ պետության, կայացմանը ու զարգացմանը նպաստելու առումով: Ըստ CNRS-ի (Ֆրանսիա) վերլուծության Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների 49% պատկանում է ֆիզիկային և աստղաֆիզիկային: Շեշտվեց գիտության, կրթության, արդյունաբերության ոլորտների համար փորձագիտության պետական պատվերի բացակայության փաստը: Խիստ մտահոգիչ է սոցիալական անապահովության պատճառներով երիտասարդների արտահոսքը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներից և թղթակից անդամներից ներկա էին նաև արտասահմանյան անդամներ: Նրանց թվում էին երեք աստղաֆիզիկոսներ՝ Ռազմիկ Միրզոյանը (Գերմանիա), Արմեն Սեդրակյանը (Գերմանիա) և Վարուժան Գորջյանը (ԱՄՆ), ովքեր հանդես եկան գիտական զեկուցումներով:
Ռազմիկ Միրզոյանը զեկուցեց «Չերենկովի մթնոլորտային աստղադիտակներով պատկերների ձևավորման միջոցով ցամաքային գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների աստղաֆիզիկայի տեխնիկական միջոցները և վերջին նվաճումները» թեմայով: Նա բարձր էներգիաների աստղաֆիզիկայի մասնագետ է, գիտության դոկտոր, Մաքս-Պլանկի ֆիզիկայի ինստիտուտի (MPIP) MAGIC խմբիև MAGIC աստղադիտակի ծրագրի ղեկավարը, միջազգային Taigaհ համագործակցության առաջատար մասնագետ և խոսնակ, Իրկուտսկիպետական համալսարանի (ԻՊՀ, Ռուսաստան) պրոֆեսոր և ԻՊՀ Բազմա-ՏէՎ էներգիաներով գամմա-ալիքային աստղագիտության («Multi-TeV Energy Gamma-Ray Astronomy») լաբորատորիայի վարիչը:
Արմեն Սեդրակյանը զեկուցեց «Նյութի առավել խիտ ձևերը մեր Տիեզերքում» թեմայով: Նա տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի մասնագետ է, դոկտոր, պրոֆեսոր, Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող: Ուսումնասիրում է քվանտային նյութի ֆիզիկան:Աշխատանքներն ուղղված են նեյտրոնային աստղերում գերհոսելիության և գերհաղորդականության ֆիզիկայի պարզաբանմանը, միջուկային և քվարկային նյութին և գերսառը ատոմների ուսումնասիրությանը:
Վարուժան Գորջյանը զեկուցեց «Փոփոխականությունն ակտիվ գալակտիկական միջուկներում» թեմայով: Նա աստղագիտության և աստղաֆիզիկայի դոկտոր է, ԱՄՆ ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի (JPL) հետազոտող: Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech) և Լոս-Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA): Աշխատում է ենթակարմիր գալակտիկաների և ակտիվ գալակտիկական միջուկների բնագավառում:
Վաղը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը:
Հայկական աստղագիտական ընկերություն