Մամուլի հաղորդագրություն, 12.12.2017թ.
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳԵՄԻՆԻԴՆԵՐԻ ԱՍՈՒՊԱՅԻՆ ՀՈՍՔ
Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային հոսքը: Այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 18-ը: Այս տարի այն իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ապահովելով ավելի քան 40 ասուպ մեկ ժամում, որոնց արագությունները մոտ 35կմ/վ են: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ ժամում: Այն առաջին անգամ դիտել են մոտ 150 տարի առաջ: Գեմինիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ: Գեմինիդների ասուպային հոսքը հետաքրքիր է նաև նրանով, որ դրա ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում:
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:
Հայկական աստղագիտական ընկերություն