ՀԱԸ/ՕքսՀայ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

 

Դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ 2011թ․ ՀԱԸ/ՕքսՀայ ամենամյա հանրամատչելի աստղագիտության մրցանակաբաշխությունը։ Այն ստեղծվել է ՀԱԸ-ի և Օքսֆորդի հայկական ընկերության կողմից համատեղ (ՕքսՀայ, http://oxarm.com/Home.html): Մրցանակները նպատակ ունեն խրախուսել աստղագիտական հանրաճանաչ հրատարակությունները և հեռուստատեսային/ռադիոհաղորդումները Հայաստանում: Հանձնաժողովը (ժյուրին) բաղկացած է գիտնականներից և լրագրողներից։

 

Ամենաակտիվ լրագրողի մրցանակը շնորհվեց Գոհար Հակոբյանին («Առավոտ» թերթ)։ Ամբողջ 2011 թվականին նա ոչ միայն ակտիվ է եղել սեփական հրապարակումներով, այլև խմբագրել է թերթի մշակութային-գիտական բաժինը և հետևել 2011 թվականի գիտական բոլոր կարևոր իրադարձություններին։

 

Լավագույն թերթի/ամսագրի/առցանց հոդվածի մրցանակը շնորհվել է երկու լրագրողի՝ Արթուր Հովհաննիսյանին («Հայացք») և Նարինե Ղազարյանին («Լրագիր»):

 

Լավագույն ռադիո/հեռուստահաղորդման մրցանակը շնորհվեց Նարինե Սահակյանին (Հ1 հեռուստաընկերություն, «Գիտություն Արագած լեռան լանջերին» ֆիլմի համար):

 

Յուրաքանչյուր մրցանակը բաղկացած էր ՀԱԸ/ՕքսՀայ պաշտոնական վկայականից և 30,000 ՀՀԴ դրամական պարգևից:

 

Լավագույն աստղագիտական լուսանկարի մրցանակը չի շնորհվել հավակնորդների բացակայության պատճառով։

 

Բացի այդ, գիտական լրագրության ոլորտում գործունեության համար շնորհակալագրեր են շնորհվել մի շարք լրատվամիջոցների՝ «Շանթ», «ԱՐ» և «Արմենիա» հեռուստաընկերություններին, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայացք» պարբերականներին, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Պանարմենիան», «Ժամը», «Մեդիամաքս» ինտերնետային լրատվական կայքերին։ Շնորհակալագրեր և փոքր մրցանակներ (ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանրամատչելի ամսագրի 2012թ. բաժանորդագրություն) շնորհվեցին լրագրողներ Արմինե Սարգսյանին, Գրիգոր Էմին-Տերյանին, Հայկ Խալաթյանին, Աննա Եղիազարյանին, Լուսինե Մովսիսյանին, Էլեոնորա Արարատյանին և Մանե Հակոբյանին։

 

Գիտության հանրահռչակման համար հատուկ մրցանակներ («Սելեստրոն» սիրողական աստղադիտակներ և շնորհակալագրեր) շնորհվեցին ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցին (հիմնադիր և համակարգող՝ Խաչիկ Գևորգյան) և Հայկական գիտական համագործակցությանը (ARMSCOOP, հիմնադիր և համակարգող՝ Արմեն Մարտիրոսյան):

 

Հայաստանում գիտական լրագրության առաջին մրցանակները շնորհվել են 2009 թվականին՝ Աստղագիտության միջազգային տարվա (IYA-2009) կապակցությամբ։ 2009-ին ամենաակտիվ գիտական լրագրող է ճանաչվել Լուսինե Մարտիրոսյանը («Արմենպրես» լրատվական գործակալություն), իսկ լավագույն գիտական հոդվածի համար՝ Մելանյա Բարսեղյանը («Առավոտ» թերթ):