Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) դիտողական արխիվն աշխարհի խոշորագույն աստղագիտական պահոցներից մեկն է և հանդիսանում է ԲԱ գլխավոր դիտողական հարստությունը: Հաշվի առնելով տասնամյակների ընթացքում հայ աստղագետների և ԲԱ աստղադիտակների և այլ թանկարժեք սարքավորումների աշխատանքը, ինչպես նաև նրանց գործունեության արդյունքը, ԲԱ դիտողական արխիվը մեր ազգային գիտական արժեքներից է: ԲԱ-ն ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել է որպես Ազգային արժեք Վիկտոր Համբարձումյանի հանճարեղ գաղափարների և նշված դիտողական աշխատանքների շնորհիվ։
Այսօր ԲԱ արխիվում պահպանվում է 37,500 աստղագիտական թիթեղ, ժապավեն կամ դիտողական տեղեկատվության այլ կրիչ։ Սակայն նախկին դիտողական և տեղեկատվության գրանցման եղանակները թույլ չեն տալիս ներկայումս այն հասանելի դարձնել գիտական լայն շրջանակներին և առավել ևս օգտագործել նոր խնդիրների լուծման նպատակով: Աստղագիտական թիթեղների և ժապավենների թվայնացումը ոչ միայն դրանց պահպանման խնդիր է, այլև գիտական նոր հետազոտությունների և հայտնագործությունների աղբյուր` պայմանով, որ թվայնացված նյութը հնարավոր կլինի աշխատեցնել ժամանակակից ստանդարտների համապատասխան, և այն իր հասանելությամբ գործուն արխիվ կհանդիսանա:
Նախագիծն ուղղված է ԲԱ դիտողական արխիվի հավաքագրմանը, հաշվառմանը, լուսանկարչական թիթեղների և ժապավենների թվայնացմանը, ժամանակակից ստանդարտներով և եղանակներով տվյալների շտեմարաններում դրանց ընդգրկմանը, ամբողջ դիտողական նյութի հասանելիության ապահովմանը և դրա հիման վրա նոր գիտական ծրագրերի մշակմանը։