Բյուրականը և շրջակայքը
1. Բյուրականի եկեղեցիներ 2. Կաթողիկոսի ամառային նստավայր 3. Ամբերդ ամրոց 4. Տեղերի վանք 5. 54մ ռադիո-օպտիկական աստղադիտակ 6. Արշակունիների դամբարան 7. Արագած լեռ 8. Արագածի Տիեզերական ճառագայթների կայան 9. Մեսրոպ Մաշտոցի դամբարան 10. Հայոց տառերի հուշարձան 11. Բյուրականի երաժշտական ակադեմիա 12. Սաղմոսավանք 13. Օհանավանք 14. Բյուրականի Աստղադիտարան 15. Ագարակի հնավայր 16. Ազգային փառատոնների թանգարան |
Բյուրականի եկեղեցիներ
Բյուրականում է գտնվում Ս.Հովհաննես թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցին, որը կառուցվել է Xդ. առաջին քառորդին։ Արևելյան ճակատը մշակված է խոյակավոր որմնասյունակամարաշարով։ Մշակման այս ձևը հնագույններից է և Սանահինի ու Անիի Մայր տաճարի ճակատների մշակման սկզբնատիպն է։ Ուշ միջնադարում վերանորոգվել են Ս.Հովհաննես եկեղեցու թաղածածկը և ավանդատները, հյուսիսից և արևմուտքից կրկնակի պատեր են կառուցվել։ Հատակագծային հորինվածքով, հարդարանքի մեկնաբանությամբ յուրօրինակ տաճարը բազմաթիվ տարրերով առնչվում է Հայաստանի IV-VIIդդ. ճարտարապետությանը։ Դեռևս XIXդ. եկեղեցու երկու կողմերում եղել են մեկական մատուռ, որոնցից մեկում կատարել են կրոնական արարողություններ, բայց 1841թ.-ին եկեղեցու քանդված թաղածածկը վերանորոգելուց հետո արարողությունները կատարել են այնտեղ։ XVIIդ. Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը Բյուրականը դարձրեց Էջմիածնի սեփականությունը։ 1835թ.-ին ռուս վերակացուները Բյուրականից արևելք կառուցեցին ամառանոց, իսկ 1874թ.-ին Գևորգ Դ կաթողիկոսը հիմնեց հայրապետական իր ամառանոցը և փայտե տախտակի վրա գրեց հիշատակարան։
Կաթողիկոսի ամառային նստավայր
Ամբերդ ամրոց
Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։
Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում, Կամսարականների օրոք։ (10-րդ դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք՝ 14-րդ դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես։ Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։
Տեղերի վանք
Տեղերի (Դղերի) վանքային համալիրը (XIIIդ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը։ Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232թթ.), առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։
Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232թ-ին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։
Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դղեր - Դեղեր: Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները:
54մ ռադիո-օպտիկական աստղադիտակ
Արշակունիների դամբարան
Արագած լեռ
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ: Ստորոտի եզրագծի երկարությունը 200կմ է: Գագաթների միջև ընկած է 350մ խորությամբ և 3կմ լայնությամբ խառնարանը, որը հարավարևելյան կողմի էրոզիոն բացվածքով կապվում է շրջապատին:
Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր):
Արագածը մասնատվել է ճառագայթաձև տարածվող մի շարք խոշոր հովիտներով՝ Գեղարոտի, Ամբերդի, Մանթաշի և այլն: Արագածից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ: Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի՝ Գեղարոտ, Ամբերդ, Նարիշդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլն: Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:
Արագածում միմյանց հաջորդում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և ձյունամերձ գոտիները:
Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C - +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ:
Մերձգագաթային գոտում ամռանը զով է, լինում են նաև ցրտեր: Ձմեռը երկարատև է, խիստ ու ձնառատ: 0°-ից ցածր ջերմաստիճանով օրերի թիվը միջինում տարեկան 220 է: Առկա է կայուն ձնածածկույթ (միջինում՝ տարեկան 250 օր):
Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ արոտավայրերով: Մարգագետինները լի են անուշահոտ ծաղիկներով՝ մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն: Բարձր լեռնային գոտուն (2800-3400մ) բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը» և ձյունամերձ բուսականությունը: Հարավային լանջին (1800-2300մ) կա փոքրիկ կաղնու անտառ: Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը, շատ են թռչունները:
Լեռնազանգվածը հրաբխային լավաներով ծածկված վահանաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կոնը: Հնագույն սառցապատումների ներգործությամբ հրաբխի խառնարանը վերածվել է ժայռային գագաթներով եզերված սառցադաշտային վիթխարի կրկեսի: Դրա հատակում կարելի է հանդիպել մնացուկային սառցադաշտեր:
Արագածի ծագման և հասակի վերաբերյալ կա 2 տեսակետ: Համաձայն առաջինի, այն տարասեռ ծալքաբեկոր հիմքի վրա տեղավորված միոցենի տարիքի խոշոր հրաբուխ է, որի խառնարանի մնացորդները գագաթներն են: Ըստ երկրորդի՝ Արագածը հարավ-արևելյան տարածում ունեցող խոշոր բրախիանտիկլինալ է՝ կազմված օլիգոցենի հասակի հրաբխային ապարներից:
Հարավ-արևելյան լանջին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթնային սարավանդի վրա՝ տիեզերական ճառագայթների հետազոտման և բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում՝ խոշոր ջրամբար: Արդյունահանվում են հրաբխային ծագում ունեցող բազմաթիվ շինանյութեր՝ տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն:
Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջիկության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:
Արագածի Տիեզերական ճառագայթների կայան
Մեսրոպ Մաշտոցի դամբարան
Օշականի մասին հիշատակություններ են արվում սկսած 5-րդ դարից՝ Մեսրոպ Մաշտոցի մահից հետո, երբ հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց՝ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Մեսրոպ Մաշտոցի հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը Կորյունին հանձնարարում է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին։ 1875-79 թվականներին Գևորգ IV կաթողիկոսը հին մատուռի վայրում բազիլիկ տիպի նոր եկեղեցի է կառուցում։ Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը(433)` ուղղանկյուն թաղածածկ խուց` արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով (հյուսիսայինը փակված է, իսկ հարավայինը բացվում է դեպի ավանդատուն), իսկ արևելյան կողմին կից 1884 թվականին կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը, որի մուտքը խորանից է։ Հայկական ճարտարապետության մեջ այն բացառիկ է ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով։ 1960-ական թվականներին եկեղեցին ներսից զարդարվել է որմնանկարներով նկարիչ Հ. Մինասյանի կողմից։
Հայոց տառերի հուշարձան
Հայոց տառերի հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի՝ «Գրիգոր Լուսավորիչ», «Գրերի արարումը, 405», «Մովսես Խորենացի» «Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» «Անանիա Շիրակացի» «Խաչատուր Աբովյան», «Թումանյանը և իր հերոսներից Գիքորը» հուշարձանները։
Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ. և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար։ Այն մշակվել է եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը։ Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է Միջին դարերում։
Բյուրականի երաժշտական ակադեմիա
Բյուրականի ակադեմիան միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները անցկացնում են վարպետության դասեր և համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար:
Բյուրականը` որպես ակադեմիայի հիմնման վայր է ընտրվել մի քանի պատճառներով. այն ակադեմիական բնակավայր է, որտեղ 1947թ-ից գործում է աստղաֆիզիկական աստղադիտարանը: Այստեղ են գտնվում պատմության հոգևոր արժեք ներկայացնող մի շարք կոթողներ, ինչպիսիք են Սբ. Հովհաննես բազիլիկ եկեղեցին, Դղերի վանքը, Կաթողիկոսական նստավայրը, Արտավազիկ եկեղեցին, հեռու չեն Ամբերդը, ֆիզիկայի ինստիտուտը և այլ գիտական ու կրթական կարեւորություն ունեցող վայրեր: