Միջնադարյան հայ մատենագրության աստղաբույլում իր ուրույն տեղն ու դերն ունի 7-րդ դարի մեծահանճար գիտնական և իմաստասեր Անանիա Շիրակացին: Նա օժտված էր բնության երևույթները գիտականորեն ընկալելու և վերլուծելու բացառիկ տաղանդով: Իր իմաստասիրական երկերում նա անդրադառնում է գիտության գրեթե բոլոր բնագավառներին` մաթեմատիկային, տիեզերագիտությանը, տոմարագիտությանը, չափերին ու կշիռներին, աշխարհագրությանը, օդերևութաբանությանը, պատմագիտությանը և այլն, սակայն նախապատվությունը տալիս է բնական գիտություններին: |
Զուր չէ, որ ակադ. Մ. Աբեղյանը, Շիրակացուն համարելով բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ, գրում է. «Որքան էլ Անանիայից առաջ հայոց մեջ եղել է տոմարի ծանոթություն, բայց և այնպես մեր այս «համարողնե իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտական, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»:
Շիրակացու կյանքի և գործունեության վերաբերյալ արժեքավոր տվյալներ է տալիս նրա ինքնակենսագրությունը «Անանիա Շիրակունիոյ երիցս երանեալ վարդապետի վասն որպիսութեան կենաց իւրոց» վերնագրով, որը մանրամասն գրել և մեզ է թողել հենց ինքը` հեղինակը: Վերջինս ճշմարտացի տվյալներ է պարունակում հեղինակի անձի, նրա կյանքի և գործունեության վերաբերյալ: Այն մեզ է հասել տասը ձեռագիր ընդօրինակություններով, որոնցից հինգը Մաշտոցի անվան Մատենադարանում են, իսկ մյուսները մեկական ձեռագրով` Բրիտանական թանգարանում, Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում, Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում, Պոլսի ազգային մատենադարանում և նախկին Մարաշի հայկական ձեռագրական հավաքածուի մեջ (տե’ս «Անանիա Շիրակացու մատենագրությունը», էջ 31-32 և Հ. Անասյանի «Հայկական մատենագրությունը», հ. Ա., էջ 734-735):
Շիրակացու ինքնակենսագրության տեքստը մեզ հասել է երկու` համառոտ և ընդարձակ խմբագրություններով, որոնցից նախնականը և լավագույնը ընդարձակ խմբագրությունն է: Վերջինիս բնագիրը 1895թ. հրատարակել է Հ. Տաշյանը Վիեննայի Մխիթարյանների ձեռագրաց ցուցակում (էջ 174-176), իսկ համառոտ խմբագրության բնագիրը հրատարակել են պրոֆ. Ք. Պատկանյանը` 1877թ. Պետերբուրգում, «Անանիա Շիրակունւոյ մնացորդք բանից» աշխատության մեջ (էջ 1-4) և Ղ. Ալիշանը` 1901թ. «Հայապատումի» մեջ (էջ 232-233): Ինքնակենսագրականի բնագիրը Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 699 ձեռագրի ընդօրինակության հիման վրա 1944թ. հրատարակել է Ա. Աբրահամյանը «Անանիա Շիրակացու մատենագրությունը» աշխատության մեջ (էջ 206-209):
Շիրակացու ինքնակենսագրությունը աշխարհաբար թարգմանությամբ հրատարակվել է 1877թ. «Փորձ» ամսագրում (թիվ 4, էջ 322-325), իսկ հետագայում` 1979թ. «Անանիա Շիրակացու մատենագրությունը» աշխատության մեջ (էջ 25-29): Շիրակացու ինքնակենսագրությունը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: 1877թ. ռուսերեն թարգմանել և հրատարակել է Ք. Պատկանյանը` Պետերբուրգում, «Армянская география VII века, приписивавшаяся Моисею Хоренскому» աշխատության ներածության մեջ (էջ 94-96), 1897թ. անգլերեն թարգմանել և հրատարակել է Ֆ. Կոնիբերը «Byzantinische Zeitschrift»-ի մեջ (հ. 4, էջ 572-574), 1927թ. գերմաներեն թարգմանել և հրատարակել են Հ. Մարկվարտը և Ա. Բոուերը Լայցպիգում, «Hippolytus Vierter Band» ժողովածուում (էջ 436-441), 1964թ. ֆրանսերեն թարգմանել և հրատարակել է բանասեր Ա. Բերբերյանը «Revue des Etudes Arméniennes» ամսագրում (թիվ 1, էջ 189-202):
Անանիա Շիրակացու մեզ հասած բնագրերի ընդօրինակություններում և պատմիչների երկերում Անանիայի անվան վերաբերյալ տարակարծություն չկա, իսկ նրա ազգանունը հանդիպում է տարբեր ձևերով. Շիրակացի, Շիրակունի, Շիրակային, Շիրակվանցի, Շիրականի, Անեցի և այլն: Վերը նշվածներից ավելի գործածական և ընդունված ձևեր են Շիրակացի և Շիրակունի տարբերակները:
Շիրակացու ինքնակենսագրությունից երևում է, որ նա ծնվել է Շիրակի շրջանի Անեանք գյուղում: Նրա հոր անունը եղել է Հովհաննես:
Անանիա Շիրակացու ծննդյան և մահվան տարեթվերի վերաբերյալ կան տարաձայնություններ: Գիտնականների մի խումբ գտնում է, որ նա ծնվել է 6-րդ դարի վերջերին, մյուսները` 7-րդ դարի սկզբներին կամ 605-610-ական թվականներին (Հ. Աճառյան, Ա. Աբրահամյան, Հ. Անասյան, Ռ. Աբրահամյան, Բ. Թումանյան, Ստ. Մելիք-Բախշյան, Գ. Պետրոսյան և այլոք), Ֆ. Կոնիբերը` 600թ., Յ. Մարկվարտը` 620թ., Ռ. Վարդանյանը և Գ. Կարախանյանը` 626 թ. և այլն1: Մենք առավել հավանական ենք համարում 605-610 թվականները: Հարկ է նշել, որ Անանիա Շիրակացու ծննդյան և մահվան թվականների որոշման համար հիմք են ծառայում նրա ինքնակենսագրության մեջ եղած տեղեկությունները իր ուսուցչի` Տյուքիկոսի մասին, նրա թվաբանության դասագրքում առկա թվականները, Անաստաս կաթողիկոսի հանձնարարությամբ նրա կազմած տոմարի փաստը, ինչպես նաև նրա ժամանակագրության վերջին տարիների տվյալները:
Անանիա Շիրակացու «Արուեստ համարողութեան» հիշատակարանում նշված է հետևյալը. «Եւ սկիզբն քանիաւնութեան բերման թուիս, յորժամ լցեալ էր ՈԿԸ (668) ամի կուսական յարգանդէ Աստուածն բանի, եւ ի մետասաներորդի (11) շրջագայութեանն, եւ ի ԺԹ (19) ամի Կոստանդիանոսի: Ես Անանիէ Շիրակացի (Գ) եղջէ Անենից»2: Կոստանդիանոս Բ-ն գահ է բարձրացել 642թ. - ին, ուրեմն նրա 19-րդ տարին կլինի 661 թվականը: Ա. Աբրահամյանի կարծիքով, նախնական տեքստում եղել է ՈԿԱ (661), իսկ գրիչները հետագայում «Ա»-ն աղավաղել են «Ը»-ի3: Իսկ 11-րդ շրջագայությունը, ըստ նրա, ոչ թե վերաբերում է Շիրակացու ուսման գնալու և շրջագայելու տարիներին, այլ տոմարի ԺԱ (11) երիկին4:
Շիրակացու ժամանակի որոշման հարցում հատկապես կարևոր նշանակություն ունի նրա ուսուցչի` Տյուքիկոսի ժամանակի որոշումը: Շիրակացու ինքնակենսագրության մեջ նշվում է, որ Տյուքիկոսն իր երիտասարդ հասակում ծառայել է Տիբերիոս կայսեր զորավար Հովհանի մոտ և այնտեղ մնացել է շատ տարիներ` մինչև Մորիկ թագավորի ժամանակները (582-602 թթ.): Տիբերիոս կայսրը գահակալել է 578-582թթ.: Եթե հաշվի առնենք, որ Տյուքիկոսը Տիբերիոս կայսեր ժամանակ զինվոր է եղել երիտասարդ հասակում (մոտ 18-25 տարեկանում), ապա կարելի է ենթադրել, որ նա ծնվել է 6-րդ դարի 60-ական թվականների սկզբին: Իսկ Շիրակացին պետք է իր ուսուցչին հանդիպած լիներ ամենաուշը նրա 60-65 տարեկան հասակում, այսինքն, մոտավորապես 625-630թթ: Եթե ընդունենք, որ Շիրակացին սովորելու է մեկնել 20-25 տարեկանում, ապա նրա ծննդյան թվականն ընկած կլինի 605-610 թթ. միջակայքում:
Շիրակացու ապրած ժամանակի որոշման կարևոր հանգամանքը Անաստաս կաթողիկոսի կողմից նրան հանձնարարած տոմարի կազմումն է: Անաստասի կաթողիկոսության տարիներն են 661-667 թթ.: Պետք է ենթադրել, որ 7-րդ դարի 60-ական թվականներին Շիրակացին արդեն եղել է ճանաչված գիտնական և բազմահմուտ ուսուցչապետ, ուստի, այդ ժամանակ նա արդեն հասուն տարիքում պետք է լիներ (գոնե 50-55 տարեկան), այլապես Անաստաս կաթողիկոսը նրան չէր հանձնարարի տոմար կազմելու դժվարին ու պատասխանատու գործը: Այս փաստը ևս թույլ է տալիս պնդել, որ նրա ծննդյան թվականը պետք է գտնվի 605-610 թթ. միջակայքում:
Ենթադրվում է, որ Շիրակացին նախնական կրթությունը ստացել է Դպրեվանքի դպրոցում, որն այն ժամանակ եղել է մշակույթի նշանավոր կենտրոն:
Դեռևս պատանի հասակից նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գիտության նկատմամբ` առաջնորդվելով աստվածաշնչյան «իմաստունների» հետևյալ խոսքերով. «Ստացիր իմաստություն և առավել պարսավիր տգիտությունը` իբրև խավարի ծնունդ»: Եվ ապա` «Դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ կմերժեմ»:
Ուսումնառության տարիներին Շիրակացին աչքի էր ընկնում բնական գիտությունների նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությամբ, իսկ մաթեմատիկան համարում էր մյուս բոլոր գիտությունների մայրը. «Հույժ սիրելով համարողության արվեստը,- գրում է նա,- խորհեցի, թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում, ուստի մայր համարեցի այն բոլոր ուսմանց»5: Չբավարարվելով տեղի վարժարանում ստացած գիտելիքներով և ցանկանալով դրանք ավելի խորացնել` Շիրակացին ուղևորվում է դեպի Արևմտյան Հայաստան: Հասնելով Թեոդոպոլիս (Կարին), նա հանդիպում է Եղիազարոս անունով «բանիմաց» մեկին, որը հմուտ էր եկեղեցական գրքերին: Վերջինս նրան խորհուրդ է տալիս գնալ Չորրորդ Հայք և սովորել այնտեղ մեծ հռչակ վայելող Քրիստոսատուր անունով մաթեմատիկոսի դպրոցում:
Ընդունելով Եղիազարոսի խորհուրդը` Շիրակացին առանց հապաղելու մեկնում է Չորրորդ Հայք, գտնում է Քրիստոսատուրին և վեց ամիս աշակերտում նրան: Սակայն, շուտով համոզվում է, որ իր ուսուցիչը «սպառիչ չի տիրապետում համարողական արվեստին» և, թողնելով ուսումը, հեռանում է Չորրորդ Հայքից ու շարունակում իր որոնումները այլ վայրերում: Սկզբում նա ուղևորվում է դեպի Կոստանդնուպոլիս, սակայն դեռ քաղաք չհասած հանդիպում է իր ծանոթներին, որոնք նրան հայտնում են, որ Տրապիզոնում ապրում է Տյուքիկոս անունով մի հույն, որը «լի է իմաստությամբ, գիտակ է հայերեն դպրությանն ու լեզվին ու մեծ ճանաչում ունի թագավորների կողմից», և խորհուրդ են տալիս գնալ նրա մոտ սովորելու:
Հետևելով իր ծանոթների խորհուրդներին, Շիրակացին ուղևորվում է Տրապիզոն, այնտեղ գտնում է Տյուքիկոսին և նրան հայտնում իր ով լինելն ու գալու նպատակը:
Շիրակացու վկայությամբ, Տյուքիկոսը մեծ ուրախությամբ ու սիրով է ընդունում իրեն, հատկապես այն պատճառով, որ նա եկել է Հայոց երկրից: Իր ինքնակենսագրության մեջ Շիրակացին բերում է Տյուքիկոսի` իրեն ուղղված խոսքերը. «Գոհություն Աստծուն, որ քեզ ուղարկել է գիտության նպատակով, որպեսզի տանես այն սուրբ Գրիգորի երկիրը: Եվ առավել ուրախ եմ, որ ինձ աշակերտում է այդ երկիրը, քանզի իմ երիտասարդության տարիներին շատ ժամանակ մնացել եմ բարեսիրության մեջ Հայոց երկրում, և ուրախանում եմ գիտությունս այնտեղ տալու համար…»6:
Տյուքիկոսը սիրում է հայ երիտասարդին իր որդու նման և այնպիսի ջանասիրությամբ է պարապում նրա հետ, որ դա շարժում է նրա բոլոր աշակերտակից ընկերների նախանձը. «Նա սիրեց ինձ որդու նման,- գրում է Շիրակացին,- և պարապեց ինձ հետ իր ողջ իմացությամբ, այնպես, որ նախանձել սկսեցին իմ բոլոր աշակերտակիցները, որոնք արքունիքից էին»7:
Շիրակացին մեծ հիացմունքով է խոսում հատկապես Տյուքիկոսի հարուստ գրադարանի մասին. «Ամեն տեսակի գրքեր կային նրա մոտ,- գրում է նա,- հայտնի և գաղտնի, արտաքին (հեթանոսական), գիտական և պատմական գրքեր, բժշկարաններ, ժամանակագրություններ. ի՞նչ թվարկեմ մեկ առ մեկ, քանի որ չկար այնպիսի գիրք, որ նրա մոտ չգտնվեր»8:
Բացի այդ, ըստ Շիրակացու, Տյուքիկոսը արտակարգ տիրապետել է հայերենին. «…երբ նա ցանկանում էր հունարեն գրված գիրքը թարգմանել,- գրում է նա,- թարգմանիչների պես չէր դեգերում, այլ հունարենն այնպես էր հայերեն կարդում, որ կարծես հայերեն գրված լիներ»9:
Ութ տարի Տյուքիկոսի մոտ գիտելիքները խորացնելուց հետո, Շիրակացին հիմնովին տիրապետում է մաթեմատիկային, տիեզերագիտությանը, տոմարագիտությանը, աշխարհագրությանը և գիտական մեծ պաշարով վերադառնում հայրենիք: Իր հարուստ և համակարգված գիտելիքները հայոց ազգի երիտասարդներին փոխանցելու նպատակով նա հիմնում է իր բարձրագույն դպրոցը և ծավալում գիտական ու մանկավարժական գործունեություն:
Նշենք, որ Շիրակացուց առաջ, մինչև 7-րդ դարը Հայաստանի դպրոցներում դասավանդվում էին բարձրագույն կրթության առաջին աստիճանի գիտությունները` «եռյակ» գիտությունները կամ արվեստները` քերականություն, հռետորական արվեստ և տրամաբանություն: Մաթեմատիկական և բնագիտական տարրական գիտելիքները ևս մտնում էին դպրոցական ուսումնական ծրագրերի մեջ, սակայն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի գիտությունները` «քառյակը»` թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն և աստղագիտություն, ներգրավված չէին դպրոցական ծրագրերում: Իր բարձրագույն դպրոցը հիմնելով` հանճարեղ գիտնականն ու մանկավարժը լրացրեց ազգային ուսումնակրթական համակարգի այդ բացը: Շիրակացու դպրոցում «եռյակ» և «քառյակ» գիտություններից բացի, դասավանդվում էին նաև «հարակից» գիտություններ` տոմարագիտություն, աշխարհագրություն, չափագիտություն և այլ առարկաներ:
Կարճ ժամանակում Շիրակացու դպրոցը լայն ճանաչում է ստանում. Հայաստանի տարբեր վայրերից նրա մոտ են գալիս բազմաթիվ հայ պատանիներ և զինվում իրենց ուսուցչի հաղորդած գիտելիքներով: Նրանցից շատերը, վերադառնալով իրենց ծննդավայրերը, բացում են իրենց դպրոցները և տարածում Շիրակացուց սովորածը:
Շիրակացու գործունեությունը չի սահմանափակվում միայն մանկավարժական աշխատանքներով: Դրան զուգընթաց նա զբաղվում է նաև գիտական և գիտահետազոտական գործունեությամբ: Նրա ստեղծագործական գործունեությունն արժեքավորվում է բնական գիտությունների տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք գիտական աշխատությունների ստեղծմամբ:
Հայ մեծ գիտնականի մաթեմատիկական, աստղագիտական, տոմարագիտական, աշխարհագրական, պատմագիտական և գիտության այլ բնագավառներին վերաբերող երկերից հետագայում օգտվել են բազմաթիվ հայ մտածողներ, այդ թվում Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին, Հովհաննես Երզնկացին, Հակոբ Ղրիմեցին և այլք:
Միջնադարյան հայ պատմագիրներից և մատենագիրներից շատերը (Հովհաննես Դրասխանակերտցի, Սամուել Անեցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Տարոնեցի, Մխիթար Արևելցի և այլք) վկայում են այն մասին, որ Անաստաս կաթողիկոսը Շիրակացուն հանձնարարել է կազմել հայոց անշարժ տոմարը: Շիրակացին կարճ ժամանակում ավարտել է տոմարի կազմումը և հանձնել Անաստաս կաթողիկոսին: Սակայն մահվան պատճառով կաթողիկոսին չի հաջողվել անշարժ տոմարը հաստատել եպիսկոպոսական ժողովում և ընդունել այն:
Ըստ վկայությունների, Անաստաս կաթողիկոսի մահվան թվականը համարվում է 667-ը: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ արդեն Շիրակացին հայտնի էր որպես հռչակավոր գիտնական և հանճարեղ ուսուցչապետ:
Ցավոք, մեծահանճար գիտնականը ըստ արժանվույն չի գնահատվել իր ժամանակակիցների կողմից: Ինքնակենսագրության մեջ նա դառնացած նշում է իր աշխատանքների նկատմամբ ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքի մասին. «Ոչ ոք գտնվեց մեծարող, - գրում է նա, - և շնորհակալ իմ աշխատանքի համար կամ «Իմ հասցեին նրանք պարսավանքի խոսքեր էին ասում»10:
Շիրակացու մատենագրության նկատմամբ անբարյացակամ են գտնվել նաև հետագայում: Հայտնի են փաստեր, որոնց համաձայն, Շիրակացու աշխատությունները արգելված են եղել: 11-րդ դարի մեծ գիտնական Գրիգոր Մագիստրոսը իր ժամանակակից Պետրոս կաթողիկոսին ուղարկած նամակում բողոքել է Շիրակացու աշխատությունների նկատմամբ ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքի համար: «Սովորելով առատատուր պարգևից, կարևորը և պիտանին ձեզ թողնելով,- գրում է նա,- թույլ եմ տալիս խնդրել ձեզ, որ չդանդաղեցնեք Անանիա Շիրակացու գործերը, որոնք մեծաջան աշխատասիրությամբ, թափառումներով և դեգերումներով հավաքել է նա բազմազան և բազմաբովանդակ մատյաններից… որը ձեզնից առաջ թողնված էր անուշադրության և գրվանի տակ էր թաքցվում… Շիրակացին` շնորհիվ իր իմացության, աշխատասեր մեղվի պես ժողովել է իր մեղվանոցում հույների, քաղդեացիների և այլ ազգերի մատյաններից այդ ժողովուրդների բազմարվեստ գիտությունը»11:
Շիրակացու նկատմամբ` իր ժամանակակիցների կողմից անուշադիր վերաբերմունքից ելնելով` հետագայում ժողովուրդը ստեղծել է մի հետաքրքիր ավանդություն, ըստ որի «Շիրակացին, նկատելով ժամանակակիցների թշնամական վերաբերմունքն իր նկատմամբ, հեռանում է հայրենիքից և գնում Վենետիկ: Այնտեղ նա թագավորին սովորեցնում է ալքիմիայի միջոցով երկաթից ոսկի ստանալու արվեստը: Սակայն, երբ թագավորը յուրացնում է այդ գաղտնիքը, որոշում է սպանել Շիրակացուն, որպեսզի այդ գաղտնիքը նա ոչ ոքի չհայտնի: Շիրակացին խնդրում է իրեն չսպանել` խոստանալով գաղտնիքը ոչ ոքի չհայտնել, այլ ոսկի դրամի երեսին իր պատկերը քանդակել և դրանով ինքը բավարարված կլինի: Թագավորը համաձայնում է և կարգադրում հատուկ ոսկեդրամ կտրել Շիրակացու պատկերով` իբրև վարձատրություն նրա մատուցած ծառայությունների: Այդ պայմանի համաձայն, յեալդզ կոչվող ոսկեդրամի մեկ երեսին դրոշմված կնգուղով պատկերը Շիրակացունն է»12:
Մեկ այլ ավանդության համաձայն` Շիրակացին համարվում համասփյուռ բույսը հայտնաբերողը, մի բույս, որը միջնադարյան Հայաստանում եղել է իմաստության և գիտության հովանավորը: Այդ պատճառով միջնադարյան զրույցներում այս ծաղկի հետ է կապված Շիրակացու նման մեծ գիտնականի անունը: Ժողովուրդը նրան համարում է գիտության պահպանման խորհրդանիշ13:
Անանիա Շիրակացու մահվան տարեթվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Միայն իր պատմական աշխատության վերջում հեղինակը գրում է Հայոց 134թ. (այսինքն, 685թ.) Հայաստանի, Վրաստանի ու Աղվանքի վրա խազարների հարձակման և հայոց, վրաց ու աղվանից իշխանների սպանության մասին14: Կարելի է ենթադրել, որ Շիրակացին մահացել է 680-ական թվականների վերջին:
Մեծահանճար գիտնականն իրենից հետո թողել է գիտության տարբեր բնագավառներին վերաբերող բազմաթիվ աշխատություններ: Դժբախտաբար, նրա գիտական ժառանգությունն ամբողջական կերպով մեզ չի հասել, և դա կարելի է հայ մատենագրության թերևս ամենացավալի կորուստը համարել: Շիրակացուց մեզ հասել են հետևյալ աշխատությունները.
1. Ինքնակենսագրությունը
2. Թվաբանական աղյուսակները (գումարում, հանում, բազմապատկում)
3. Վեցհազարյակը (բաժանում)
4. Խնդրագիրքը
5. Խրախճանականները
6. Տիեզերագիտությունը
7. Կենդանատեսակների մասին տեքստը
8. Աստղաբաշխության մասին տեքստը
9. Երկնային երևույթների մասին տեքստը
10. Արեգակի ընթացքը համաստեղություններով
11. Լուսնի պարբերաշրջանը
12. Լուսնի գարնանային գիշերահավասարի աղյուսակները
13. Լուսնի առանձնակ բոլորակը
14. Լուսնացույց աղյուսակները
15. Զատկի ճառը
16. Հայտնության ճառը
17. ՇԼԲ բոլորակը (532 տարիների աղյուսակը)
18. Խառնախորանը
19. Ժողովուրդների ամսանունները
20. Հին հայկական ամսանունները և ժամանունները
21. Անդրեաս Բյուզանդացու տոմարի մեկնությունը
22. Աշխարհացույցը
23. Մղոնաչափքը
24. Օդաչափքը (Աստղաբաշխական երկրաչափությունը)
26. Չափերի և կշիռների մասին տեքստերը
27. Թանկարժեք քարերի մասին տեքստը
28. Ժամանակագրությունը
29. Աստվածաշնչի գլուխների դասակարգումը
Հարկ է նշել, որ Շիրակացուց առաջ բնագիտական հարցերը ներկայացված էին փիլիսոփայության կամ այլ գիտությունների հետ սերտորեն կապված: Շիրակացին միջնադարյան հայ մատենագրության մեջ առաջին հեղինակն էր, որ բնական գիտություններն առանձնացրեց մյուս գիտական բնագավառներից և զարգացրեց որպես ինքնուրույն գիտություններ` դրանով իսկ հռչակվելով իբրև բնական գիտությունների հիմնադիրը Հայաստանում:
______________________________________________________________________
1. Անանիա Շիրակացու մատենագրությունը, Երևան, 1944, էջ 37-40: Հ. Անասյան, Հայկական մատենագրություն, հ. Ա, էջ 731: Բ. Թումանյան, Անանիա Շիրակացի, Երևան, 1991, էջ 6: Ռ. Աբրահամյան, Բ. Թումանյան, Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Անանիա Շիրակացի, Երևան, 1958, էջ 16: А. Абрамян, Г. Петросян, Анания Ширакаци, Ереван, 1970, с. 27. F. Conybeare, Ananias of Shiraq (A. D. 600-650), Byzantinische Zeitschiff. Bd. VI, 1897, 572-584. I. Markwart und A. Bauer, Hippolytuc Vierter Band, Leipzig, 1929, p. 393-558. Ռ. Վարդանյան, Գ. Կարախանյան, Անանիա Շիրակացին և նրա «Քննիկոնը», Աճեմյան մատենաշար h. Ա, Երևան, 2002, էջ 37-118:
2. Մատենադարան, թիվ 4066, էջ 10բ:
3. Անանիա Շիրակացու մատենագրությունը, էջ 39:
4. Նույն տեղում, նույն էջում:
5. Անանիա Շիրակացի, Մատենագրություն, էջ 25:
6. Նույն տեղում, էջ 26:
7. Նույն տեղում, նույն էջում:
8. Նույն տեղում, էջ 27:
9. Նույն տեղում, նույն էջում:
10. Անանիա Շիրակացի, Մատենագրություն, էջ 28-29:
11. Գրիգոր Մագիստրոսի թղթերը, Ալեքսանդրապոլ, 1910, էջ 8:
12. Ղ. Ալիշան, Հայ-Վենետ, Վենետիկ, 1896, էջ 191:
13. Ա. Մնացականյան, Հայկական զարդարվեստ, Երևան, 1955, էջ 486-488:
14. Անանիա Շիրակացու մատենագրությունը, էջ 399: